Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարար․ Սատարելու ենք զինվորների և նրանց ծնողների որոշմանը


Զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ, Երևան, արխիվ

Զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ, Երևան, արխիվ

Ծանր վիրավոր զինծառայողների ծնողներն ավելի վաղ հայտարարել էին, որ կառավարության հետ այլևս հույսեր չեն կապում և արտերկրում իրենց որդիների բուժման գումարը հայթայթելու համար դիմել էին հանրության օգնությանը:

Արձագանքելով վիրավոր զինծառայողների ծնողներին, ովքեր չեն ընդունում Հայաստանում իրենց որդիներին զննած գերմանացի բժիշկների այն կարծիքը, թե այս պահին իրենց տղաներին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց՝ եթե ասեին [տեղափոխելու կարիք] կա, նրանք միանգամից լավ բժի՞շկ կհամարվեին: Նաև պնդեց՝ էական չէ, թե ով, երբ ու ինչու է հրավիրել Ֆրայբուրգի մասնագետներին, կարևորն այն է, որ նրանք Աֆղանստանի պատերազմի վիրավորների հետ աշխատելու փորձ ունեն ու հենց իրենք կարող են մասնագիտական կարծիք հայտնել:

Նախարարը ծնողների հայտարարությունը համարում է խիստ զգացմունքային ու հավելում՝ նաև ռուս և հայ բժիշկներն են եզրահանգում արել, որ այսօր վաղ է վերակենդանացման բաժանմունքում գտնվող վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու հարցը քննարկելը:

«Կարծում եմ՝ հուզական մաս կա այստեղ, մեք պետք է հասկանանք, որ այս խնդիրը չի լուծվելու մեկ օրվա մեջ, մեկ ամսվա մեջ, անգամ կարող ա տարիների խնդիր լինի: Եթե մեր վերականգնողական մասնագետները գտնեն, որ այստեղ կարող են իրենք ապահովել, մենք կառաջարկենք բուժումը Հայաստանում: Եթե արդյունքում, Հայաստանում տեխնոլոգիան և արդյունավետությունը կլինեն ավելի նվազ և ռիսկերը ավելի բարձր, քան նույն Քյոլնում կամ այլ տեղ, իհարկե՝ մենք կնախընտրենք այնտեղ տեղափոխել»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, ողնաշարային և ողնուղեղային ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներ Արման Լազգյանի ու Ռուբեն Առաքելյանի ծնողներն «Ազատության» հետ զրույցներում վրդովմունք էին հայտնել, մասնավորապես, պաշտոնական այն հայտարարության կապակցությամբ, թե կառավարությունն իր վրա է վերցնում վիրավոր զինծառայողների՝ արտերկրում բուժման հոգսը: Արմանի հայրը՝ Միքայել Լազգյանը խորհրդակցել է Գերմանիայի տարբեր կլինիկաների մասնագետների հետ: Նա ասաց՝ խոսքը 30 հազարից 100 հազար եվրոյի մասին է, այժմ հանրության օգնությանն է դիմում, բայց չի պատրաստվում դիմել կառավարությանը, որովհետև գիտի՝ մինչև տեղի մասնագետները գրավոր չասեն, որ իրենք այլևս չեն կարող երիտասարդի վերականգնողական բուժումը ՀՀ-ում կազմակերպել, կառավարությունը չի հոգա այդ ծախսը: Իսկ իրեն վստահեցրել են, թե վերականգնողական բարձրորակ բուժում Հայաստանում կարող են կազմակերպել:

«Փորձեք՝ հերթով հարցրեք՝ իրենց ասածներին կհավատա՞ն, որ Հայաստանում ամեն ինչ արտակարգ որակի ա հասել, քան արտերկրում: Կառավարությանը դիմելը սենց ա՝ առողջապահության նախարարին էլ եմ ասել՝ եթե կարում եք, օգնեք, եթե չեք կարում՝ Աստծո սիրուն, մի էլ խանգարեք, իզուր տեղը ինֆորմացիա եք տարածում, որ կառավարությունն իր վրա է վերցնում զինծառայողի հոգսերը: Հիմա որ բան ու գործս թողեմ, ասեմ՝ որ տենց արտահայտություններ եք անում, դե տեղափոխեք երեխայիս, դե տարեք ու բուժեք»,- ասում է զինծառայող Արման Լազգյանի հայրը:

Նախարար Մուրադյանը նշում է՝ մինչև պաշտոնական ընթացակարգերով անցնելը, իրենք ծնողների ներկայությամբ հարցը քննարկել են հայ և օտարազգի տարբեր մասնագետների հետ: Բայց և պնդեց՝ կառավարության աջակցությունը ստանալու համար հարազատները պետք է նախ ՊՆ-ին դիմեն, որն էլ առողջապահության նախարարությունից պետք է կարծիք ստանա: Իսկ նախարարության մասնագիտական խումբն էլ, գնահատելով վիրավոր զինծառայողների առողջական վիճակը, կներկայացնի բուժման հնարավոր տարբերակների արդյունավետությունը ՀՀ-ում ու արտերկրում:

«Մենք ևս ունենք շատ լավ կենտրոն Հայաստանում, որը ունի հաջողություններ: Եվ չի կարելի ուղղակի ցանկությունից ելնելով, ասել՝ գիտեք, մեր կենտրոնը լավը չի, մենք ամեն դեպքում ուզում ենք այնտեղ անցնել: Այս բանաձևով կարելի է յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր հիվանդի առողջապահության մեջ քննարկել և ասել՝ մենք ավելի լավն ենք ուզում: Ամբողջ աշխարհում էս խնդիրը կա, ավելի լավը կա, այո, նրանք կարող ա ուզեն ամենալավ հիվանդանոցը տեղափոխել: Բայց արդյո՞ք էդ երեխան այսօր կարող է թռիչքին դիմանալ, և ի՞նչ ռիսկեր կան: Իհարկե, որոշողը ինքը՝ զինվորն ա լինելու և իր ծնողն ա լինելու, և մենք իրենց որոշմանը սատարելու ենք մինչև վերջ»,- շարունակեց առողջապահության նախարարը:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռուբեն Առաքելայնի մայրը՝ տիկին Անահիտը, «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ մինչ Երևանում գերմանացի մասնագետները հայտարարում էին, որ իր տղային տեղափոխելն այս պահին նպատակահարմար չէ, գերմանական մեկ այլ՝ Քյոլնի համալսարանական կլինիկայից պատասխան են ստացել, որ պատրաստ են տղային ընդունել՝ «Վերականգնողականն էլ, վիրահատությունն էլ՝ ամբողջությամբ, ասում են, վերցնում ենք մեզ վրա: Էս դրությամբ ասեցին՝ դուք խոսեք բժիշկների հետ, նախարարության հետ, որպեսզի մենք կարողանանք երեխային գանք էդտեղից տանենք»:

Նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են ծնողների ընտրած մասնագետին հրավիրել Հայաստան, որպեսզի նա տեղում զննի վիրավոր զինծառայողներին ու հստակ երաշխիքներ տա բուժման ժամկետների ու արդյունավետության վերաբերյալ: «Մենք ձեր կողքին ենք: Բայց ավելի հեշտ ա այդ արդյունքը խոստացողին հրավիրել Հայաստան և ոչ թե պատգարակով մեր երեխային տեղափոխել արտերկիր»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսից ավելի բուժվող վիրավոր զինծառայողներ Արմանի ու Ռուբենի հարազատները որոշել են բյուրոկրատական քաշքշուկների մեջ չընկնելու համար այլևս չդիմել կառավարությանը: Այժմ նրանք անհրաժեշտ գումարը հայթայթելու խնդրանքով դիմում են հանրությանը: Արամի հայրն անգամ իր տունն է այս օրերին վաճառքի հանել:

XS
SM
MD
LG