Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ «Միակողմանի փոխզիջում չի լինելու»


ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Հայաստանի ԱԳ փոխնախարարը կողմ է տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում:

Հիշեցնելով, որ զինադադարը հաստատված է 1994 թվականին կնքված եռակողմ՝ Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան, պայմանագրով, Քոչարյանը շեշտել է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը խախտեց այդ պայմանագիրը՝ ծավալելով ռազմական գործողություններ, իսկ ապրիլի 5-ին, համաձայն բանավոր պայմանավորվածության, վերականգնվեց պայմանագրի գործողությունը: «Ադրբեջանը փորձում է տապալել Մինսկի գործընթացը: Այժմ կարևոր է, որ զինադադարի ռեժիմն ամրապնդվի: Մեզ մոտ զինվորները ապրիլի 5-ից հետո էլ են զոհվել», - ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը՝ թղթակցի դիտարկմանը, թե «մյուս կողմում էլ նույնն է, հայտնում են Բաքվից», արձագանքելով․ - «Չեմ կարող դա բացառել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված է պատասխանել կրակոցներին»:

«Բաքվի քաղաքականությունն է՝ այս հակամարտությունը բռնի ճանապարհով լուծել: Ակնհայտորեն, խաբկանք ունեին՝ բլիցկրիգ իրականացնելու», - նշել է Քոչարյանը:

«Կարո՞ղ են Հայաստանն ու Ղարաբաղն իրենց քաղաքացիներին ընդհանրապես պաշտպանել», - այս հարցին ի պատասխան էլ նա, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մասնավորապես, ասել է․ - «Երբ խոսքը գնում է զինտեխնիկային, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում»:

«Միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել: Բաքուն ամբողջ ընթացքում պահանջում է վերադարձնել «գրավյալ» տարածքները, սակայն լռում է այն մասին, որ նաև կան Լեռնային Ղարաբաղի շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում խոսվում է Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այստեղ փոխզիջման հնարավորություն կա», - հայտարարել է Շավաշ Քոչարյանը և հարցին՝ «դուք պատրա՞ստ եք դրան», արձագանքել․ - «Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք [ԼՂ-ն] պետք է որոշեն»:

«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը», - ասել է փոխնախարարը՝ հավելելով․ - «Ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»:

«Ռուսաստանը սկսել է միջնորդական նոր նախաձեռնություն: Արդյո՞ք Մոսկվան իրոք ձեր դաշնակիցն է», - այս հարցին Քոչարյանը պատասխանել է․ - «Ռուսաստանը միջնորդ է հակամարտության մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն»:

Դիտարկմանը, որ «հայկական հասարակությունում սուր քննադատություն է հնչում Ռուսաստանի դերի առնչությամբ՝ հիմնական խնդիրը երկու կողմերին էլ զենքի վաճառքն է», Հայաստանի ԱԳ փոխնախարարը արձագանքել է․ - «Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ»:

«Բայց դա նաև ձեզ կվերաբերեր», - նկատել է լրագրողը: Շավարշ Քոչարյանը պատասխանել է․ - «Բնականաբար: Դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG