Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը


Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, ասաց Հովիկ Աբրահամյանը։

Եթե Ադրբեջանը շարունակի ոտնձգությունները և պատերազմը, ապա Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում հանրապետության նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և եթե շարունակվի այդ ոտնձգությունը և այդ պատերազմը, ապա մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին։ Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա», - ասաց Հայաստանի վարչապետը։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե ինչո՞ւ է ուշանում Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը, և հնարավո՞ր է, որ այն չստորագրվի, Աբրահամյանը պատասխանեց. - «Չի ուշանում, քննարկման նախապատրաստական փուլում է»։

Հիշեցնենք, համաձայնագրի անհրաժեշտության մասին դեռևս ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանձնարարելով արտգործնախարարությանը համապատասխան աշխատանքներ սկսել այդ ուղղությամբ: Ավելի քան մեկ ամիս է անցել, սակայն փաստաթուղթն այդպես էլ պատրաստ չէ:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը նոր է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ղարաբաղի կառավարության անդամների և նախագահ Բակո Սահակյանի հետ։ Վարչապետը նաև եղել է առաջնագծում։

«Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներից, պատգամավորներից, բոլորի մոտ շատ հստակ բարձր վստահություն կար մեր ապագա հաղթանակների համար։ Դա մեզ նաև ոգևորեց», - ասաց Հովիկ Աբրահամյանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, հիշեցնենք, Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, ասել էր՝ «ցույց տվեք փաստաղթեր, որ վաճառում է», ապա հավելել. - «Կրկին վաճառել՝ չի նշանակում, որ վաճառում է»։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դեսպանի հայտարարությունը, վարչապետը պատասխանեց. - «Այդ փաստաթղթերի հետ կապված ես ի՞նչ արձագանքեմ։ Մեր նպատակը, մեր ցանկությունը, որպես ռազմավարական գործընկեր, մի քանի հարթակներից հայտնել ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, ուղղակի մենք հիմա զբաղված ենք մեր երկու կարևոր գործով՝ տնտեսության զարգացում, որից որ պետք է ածանցվի մեր ապագա բոլոր հաջողությունները, դրանով ենք զբաղված և որոշ քայլեր ենք ձեռնարկում, վաղը կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»։

XS
SM
MD
LG