Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը հրապարակել է 2009 թվականի Թեհրան-Երևան օդանավի վթարի պատճառները


Տու-154 օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները Ղազվինում, 16-ը հուլիսի, 2009թ.

Տու-154 օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները Ղազվինում, 16-ը հուլիսի, 2009թ.

Աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովը նաև մեղավորների մասին է հայտարարել։

Հրապարակվել է 2009 թվականին Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը։

Ռուսական «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի դատախազության ներկայացուցիչ Ղազի Շահրիարին ասել է, որ վթարի մեղավորներն են ռուսական նախագծային ընկերությունը և չվերթը սպասարկող անձնակազմը։

Իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 օդանավը 2009 թվականի հուլիսի 15-ին աղետի է ենթարկվել Ղազվին քաղաքի մոտ՝ Թեհրանից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օդանավում գտնվող բոլոր 168 մարդիկ, ներառյալ՝ անձնակազմի 15 անդամները, զոհվել են։

Զոհվածների թվում Հայաստանի վեց քաղաքացիներ կային, որոնցից երկուսն օդանավի անձնակազմի անդամներ էին՝ տեխնիկներ, իսկ հայկական ազգանուններով երեք տասնյակից ավելի մարդիկ էին զոհվել՝ մեծ մասը Իրանի քաղաքացիներ։ Զոհվածների թվում կային նաև Վրաստանի երկու քաղաքացիներ։

Իրանական հեռուստաընկերությունը, վկայակոչելով դատախազության ներկայացուցչին, հաղորդել է, որ միջադեպն ուսումնասիրող հանձնաժողովի՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը տված զեկույցի համաձայն, օդանավի աղետի պատճառը ճնշման կոմպրեսորի փականի անսարքությունն էր։ «Վերջին հաշվով, ռուսական նախագծային ընկերությունը, ինչպես նաև չվերթի սպասարկման պատասխանատու անձնակազմը համարվում են աղետի մեղավորները», - ասել է դատախազության ներկայացուցիչը։

Շահրիարին հայտնել է, որ երկրորդ հանձնաժողովը հետաքննելու է օդանավը ձեռք բերելու և շահագործելու հարցում ավիաընկերության նախկին ղեկավարների անփութությունը։

XS
SM
MD
LG