Մատչելիության հղումներ

Ղարաբաղի 3 տարբեր շրջաններում դիրքեր փորող զինվորները հնագիտական գտածոներ են հայտնաբերել


Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դիրքեր փորելիս զինվորները Ղարաբաղի 3 տարբեր շրջաններում հնագիտական գտածոներ են հայտնաբերել:

Պաշտպանության բանակի սերժանտներ Մելիքն ու Ռաֆիկը իրենց տեղակայման վայրում փորելիս կոշտ զանգվածի են հանդիպել, քիչ անց հասկացել են, որ դա դամբարան է: Շարունակելով փորել՝ երկրորդ դամբարանն են հայտնաբերել և մեկ սափոր:

«Երևում էր իր սալաքարերից, որ ինչ-որ սարքված բան ա, որովհետև տեղում չկար քարեր, մենակ էս հատվածում էր քար: Ըտենց որ տեսանք՝ մտածեցինք ինչ-որ բան կարա լինի, զգուշությամբ բացեցինք, ու էդ կուժն էր մեջը», - պատմում էին նրանք:

Երկու ընկերները արդեն տասնյակ հյուրերի են ընդունել այստեղ, ասում են, որ գտածոն իրենց կապել է այս տարածքի հետ: Հնագետ չեն ուզում դառնալ, փոխարենը այս տարածքը շատ լավ են հիշում, ծառայությունից հետո էլ որպես զբոսաշրջիկ կգան:

Հնագետ Տիգրան Ալեքսանյանի կարծիքով, զինվորների հայտնաբերած դամբարանները բավականին արժեքավոր են, տարածքում որևէ նշան չկար, որ այստեղ կարող է նման բան հայտնաբերվել:

«Բացվել են թվով երկու դամբարաններ: Կառուցվածքով՝ սալարկային գերեզմաններ են: Գտնվել է անտիկ շրջանի եռաշուրթ սափոր», - պատմեց նա:

Հրադադարի ամրապնդումից հետո Տիգրանակերտի մոտակայքում գտնվող այս տարածքում հնագիտական խումբ կաշխատի: Ալեքսանյանը կարծում է, որ սա կարող է դառնալ նաև տուրիստական կետ:

Գտածոների մի մասը արդեն տեղափոխվել է Տիգրանակերտի թանգարան՝ պատերազմական օրերի ընթացքում հայտնաբերված մյուս գտածոների մոտ:

Ղարաբաղի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը հայտնաբերված իրերը մշակումից հետո այսօր առաջին անգամ ցուցադրեց:

«Մենք տեսնում ենք այստեղ շատ յուրահատուկ ծիսական անոթ երկաթի դարից, որը հայտնաբերվել է Մարտունու շրջանի ուղղությամբ տեղակայված ռազմական դիրքերից: Մենք ունենք այստեղ հելլենիստական ժամանակաշրջանի գտածո՝ եռատերև վերջույթով ծիսական անոթը, որը հայտնաբերված է Ասկերանի շրջանում, ու իր հետ նաև ունենք այլ ծիսական անոթ՝ գավաթ, որը նույն վայրում է հայտնաբերված», - պատմեց Շահվերդյանը:

Ծրագրվում է նաև պատերազմական օրերին հայտնաբերված գտածոների առանձին ցուցահանդես անցկացնել, բայց դեռ սպասում են, քանի որ այս օրերին էլ դեռ նոր իրեր են ստանում:

Ապրիլի սկզբին կրակի տակ է եղել նաև սահմանին մոտ գտնվող Տիգրանակերտի թանգարանը: Այստեղ անգամ ցուցադրված են թանգարանի մոտ ընկած արկերի բեկորները, դրանց մի մասն էլ դեռ պատերի վրա է:

«Բարեբախտաբար լուրջ վնասներ չեն տվել, բայց, ամեն դեպքում, վնասներ կրել ենք», - նշեց Տիգրան Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG