Մատչելիության հղումներ

Վերջին օրերին Գյումրիի տարբեր վայրերում մեկ տասնյակից ավելի հակատանկային ականներ են հայտնաբերվել: Նման հերթական ականը Գյումրիի պայտաձև ամրոցի մոտ հայտնաբերած ակտիվիստ Արսեն Վարդանյանը ահազանգել է պատկան մարմիններին:

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ 1997 թվականի հայ-ռուսական միջպետական համաձայնագրով պայտաձև ամրոցը հանձնվել է ռուսական 102-րդ ռազմաբազային:

Հայտնաբերված ականի հետքերով տարածք ժամանեցին Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության աշխատակիցները, բայց քանի որ տարածքը ռուսական է, փրկարարները դիմեցին ռուսական կայազորին, որպեսզի համապատասխան մասնագետը տեղում ճշտի՝ ականը ուսումնական է թե մարտական: Բավականին ժամանակ սպասելուց հետո 102-րդ ռազմաբազայի ինժեներական ծառայության պետ Դենիս Սմեռնյագինը եկավ, ով հայտարարեց, որ դա ուսումնական ական է, որը վտանգ չի ներկայացնում:

«Այստեղ ժամանակին բազմաթիվ զորավարժություններ էին անցկացնում, որոնցից շատերը վաղուց լուծարվել են: Ականները, հավանաբար, հենց այդ ժամանակվանից էլ մնացել են», - նշեց Սմեռնյագինը:

Հայտնաբերված ականը հանձնվեց ոստիկանությանը, այն կուղարկվի փորձաքննության: Իրավապահները պետք է պարզեն, թե որտեղից է այն հայտնվել բերդի տարածքում: Թեպետ բերդը ռուսական բազային է պատկանում, սակայն ցանկացած ոք հանգիստ կարող է այդ տարածք մտնել: Բերդի դիմացի ձորակում ավելի վաղ հայտնաբերված մեկ տասնյակից ավելի հակատանկային ականները ևս եղել են ուսումնական:

Շիրակի մարզային ԱԻՎ պետ Մարատ Սարիբեկյանն ասում է, որ դրանց հայտնաբերումից հետո տարածքը մասնագետների կողմից ուսումնասիրվել է, ու ականներ էլի են գտնվել:

«Էլի նույնատիպ ականներ էին, ուսումնական ականներ էին: Էլի, մասնագետների հայտարարությամբ՝ դրանք բացարձակապես իրենցից վտանգ չեն ներկայացնում», - ասաց Սարիբեկյանը:

3 տարի առաջ ռուսական 102-րդ ռազմաբազայի Կամխուդ ուսումնավարժարանում ականի պայթյունից վահրամաբերդցի 2 երեխա զոհվեց, և ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ են զինամթերքի նկատմամբ այսքան անփույթ, հաշվի առնելով Վահրամաբերդում տեղի ունեցածը, Սարիբեկյանը պատասխանեց․ - «Ես չեմ ուզում գնահատական տամ՝ դա անփութություն համարեմ, թե որևիցե մի բան, բայց ես գիտեմ, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայտնաբերելու դեպքում վնասազերծվի»:

XS
SM
MD
LG