Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Մայիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Զրուցակցի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում խախտումների շարունակման վրա: Որպես ԼՂՀ հիմնահարցով զինված դիմակայության շուրջ բանակցությունների արդյունավետության գրավական՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման, պատահարների հետաքննության միջազգային մեխանիզմների և այլ լուծումների շնորհիվ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը»:

Ըստ հաղորդագրության՝ Հերբերտ Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլյան մարտերի և դրանց էսկալացիայի հնարավորության կապակցությամբ: Նշելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, նա ավելացրել է, որ Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG