Մատչելիության հղումներ

logo-print

Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցից իշխանության և ընդդիմության ակնկալիքը տարբեր է


Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, արխիվ:

Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, արխիվ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլիի և Ջուզեպպե Գալատիի այցից առաջ անհանգիստ չէ:

«Մենք ունենալու ենք նաև նրանց փոխըմբռնումը», - ասաց Նաղդալյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, խորհրդարանի փոխխոսնակի լավատեսությունը որևէ հիմք չունի:

Զուրաբյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի շուրջ շուրջ բոլորի ակնկալած կոնսենսուսը չկայացավ։

Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները վաղը մեկնարկող այցի ընթացքում, ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Երևանում կքննարկեն սահմանադրական փոփոխություններին հաջորդած քայլերը, ընտրական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։

«Բնականաբար, տեղյակ ենք պահելու այդ խնդրի շուրջ: Բոլորն էլ սպասում են կոնսենսուսի: Առանց կոնսենսուսի ոչ մի լավ զարգացում չի լինի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից: Չի ընկալվի: Դրա համար, այո, շատ կարևոր է, որ բոլորը հասկանան և իմանան, թե Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձեռք բերման գործընթացը ինչ վիճակում է գտնվում», - նշեց Զուրաբյանը:

Իսկ Հերմինե Նաղդալյանն ասաց․ - «Սահմանադրական բարեփոխումների ժամանակ մենք ևս ունեցել ենք այս պահը, երբ որ կար կոնսենսուս, կար լայն կոնսոլիդացիայի գաղափար և կար նաև մեր օպոզիցիոն գործընկերների կողմից միտում լայն կոնսոլիդացիան ներկայացնել որպես ամբողջական համաձայնություն մեկ երևույթով, մեկ բանաձևով հանդես գալու: Ես, անկեղծ ասած, մտածում եմ, որ սա չէ կոնսենսուսը, ոչ էլ կոնսոլիդացիան է դա: Որովհետև դա, իմ կարծիքով, ավելի շատ նման է ամբողջատիրական հասարակարգին կամ պետական կարգերին, երբ որ վերևից իջեցվում է մի հատ կարծիք, որին բոլորը ադաբրյամս են տալիս, հավանություն են տալիս»:

Զուրաբյանը հակադարձում է՝ իշխանությունը կարող է կարծել, թե ամեն ինչ կարող է մարսել, բայց քառօրյա պատերազմից դասեր պետք է քաղի․ - «Կոչ կանեի զերծ մնալ ամպագոռգոռ, ինքնավստահ հայտարարություններից: Այնուամենայնիվ, եթե ուզում եք, կոնսենսուսը Ընտրական օրենսգրքի հարցում ունի նաև Հայաստանը կայունացնելու խնդիր, ամրապնդելու Հայաստանի դիմադրողականությունը ապագա գործընթացներում: Այնպես որ, եթե ունեն պետական մտածողություն, թույլ չեն տա իրենց նման հայտարություններ, որ իբր արդեն կոնսենսուսը ապահովված է, և մենք բանակցելու բան չունենք»:

«4+4+4-ը դա միակ բանավիճային կամ համագործակցային ձևաչափը չի եղել: Եղել են բազմաթիվ հնարավորություններ ու բազմաթիվ ձևաչափեր, որոնց միջոցով բոլորն էլ կարողացել են, հնարավորություն են ստացել աշխատելու, ներկայացնելու իրենց առաջարկները, ներկայացնելու իրենց հիմնավորումները, բանավիճելու: Այդ բանավեճի արդյունքում է ձևավորվել այս կամ այն հարցը: Տեսեք ինչքան է տարբերվում Ընտրական օրենսգրքի այն նախնական տարբերակը և այն տարբերակը, որ մենք այսօր ունենք», - իր հերթին հակադարձեց Նաղդալյանը:

Նրան եվրոպացիների օրակարգը արտառոց չի թվում։

Պատվիրակության անդամ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, հանդիպումներում արծարծվելիք հարցերը պատահական չեն ընտրվել․ - «Թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԽԽՎ-ն ինքը լրջագույնս ոչ միայն հետաքրքրված են, այլև գործուն մասնակցություն ուներ, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների գնահատման և նաև օժանդակության հարցով նախագծի տեքստի: Նաև Ընտրական օրենսգիրքը լրջագույնս գտնվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում: Դա արդեն մենք կարող ենք հասկանալ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանների շատ ակտիվ հետաքրքրությունից Ընտրական օրենսգրքի շուրջ հնարավորինս լայն քաղաքական կոնսենսուս ստանալու գործում»:

Պատգամավորների խոսքով, Հայաստանը շարունակում է գտնվել ԵԽԽՎ-ի մոնիտորինգի ներքո, և համազեկուցողները Հայաստան են այցելում հերթական զեկույցին ընդառաջ։

Խորհրդարանական ընդդիմադիր ու իշխանական խմբակցություններից բացի, հանդիպումներ են նախատեսված Հայաստանի նախագահի, վարչապետի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հետ, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG