Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանությունը պատասխանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նամակին


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, արխիվ:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, արխիվ:

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունը արձագանքել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի նամակին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության խնդրի վերաբերյալ։

Պատասխան նամակում դեսպանությունը հայտնել է, թե տեղյակ են, որ Գարո Փայլանը մեկն է այն պատգամավորներից, ով տուժել է խորհրդարանում ծագած վիճաբանության ժամանակ։

«Մենք կիսում ենք ձեր այն մտահոգությունը, որ Թուրքիայում ապրող բոլոր մարդիկ, անկախ կրոնական, էթնիկական և ազգային պատկանելությունից պետք է կարողանան ազատորեն բարձրաձայնել իրենց տեսակետը՝ առանց վախի կամ սպառնալիքի։ Մարդու իրավունքների մեր ամենամյա զեկույցում, այդ թվում և այս տարվա զեկույցում, մանրամասն նկարագրված են ԱՄՆ մտահոգությունները Թուրքիայում բոլոր փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության, ատելություն պարունակող հայտարարությունների, հարձակումների վերաբերյալ», - ասված է դեսպանության նամակում։

Թուրքիայում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցչությունը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հրապարակային հանդիպումներում և մասնավոր խողովակներով պարբերաբար բարձրաձայնել է իր մտահոգությունները Թուրքիայի կառավարության առաջ և շարունակելու է հորդորել, որպեսզի այն կարևորի ճնշումների ենթարկվող ցանկացած անձի պաշտպանության հնարավորությունը՝ անկախ ազգային կամ կրոնական պատկանելությունից:

Հայ դատի հանձնախումբը մայիսի 3-ին դիմել էր Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին, կոչ անելով հրապարակայնորեն բարձրաձայնել ԱՄՆ-ի պաշտոնական մտահոգությունը` կապված Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ, ով ժողովրդավարության, մարդու իրավունքների և ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար ահագնացող սպառնալիքների և բռնության է ենթարկվում:

Հանձնախումբը հիշեցրել է տարիներ առաջ Հրանտ Դինքի անվտանգության հարցում ԱՄՆ-ի անգործությունը՝ հորդորելով նույնը չկրկնել Գարո Փայլանի դեպքում։ «Ագոս»-ի հայազգի խմբագրապետը, հիշեցնենք, սպանվել է 2007-ին թուրք ազգայնականի կողմից:

Անցած շաբաթ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից հարձակման էր ենթարկվել թուրքական խորհրդարանում ծագած հերթական ծեծկռտուքի ժամանակ։ Միջադեպից հետո Փայլանը հայտարարել էր, որ նման վերաբերմունքի է արժանացել հատկապես հայ լինելու համար, քանի որ իրեն հասցեագրված վիրավորանքները ազգային ինքնությանն են վերաբերել։

XS
SM
MD
LG