Մատչելիության հղումներ

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքով քրեական գործի նախաքննությունն ավարտվեց


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի 2 մանկաբարձ-գինեկոլոգի՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծննդկանի մահը։

Հիշեցնենք՝ 2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է: Ըստ Քննչական կոմիտեի, դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև նշված ԲԿ-ի՝ 2015 թվականի հուլիսի 25-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Բաբելյանի կողմից մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ։

Ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շ. Բախշյանին և Ա. Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG