Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Բանկային տվյալներով զեղծարարությունների գործով մոլդովացի է կալանավորվել


Լուսանկարը՝ ԱԱԾ-ի

Լուսանկարը՝ ԱԱԾ-ի

Հայաստանի տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացվող պայքարի շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի մի շարք քաղաքացիներ, օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր (սկիմերներ), ապօրինաբար ձեռք են բերում Հայաստանում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակում են հաշիվներում առկա դրամական միջոցները:

ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 3-ին Քիշնև-Կիև-Երևան չվերթի ուղևոր, Մոլդովայի քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առևտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են Հայաստանում գործող 12 առևտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ նախապատրաստված նյութերի հիման վրա ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը», ինչի համար նախատեսված է 2-5 տարվա ազատազրկում:

Վիտալի Բորտան կալանավորված է, կատարվում է նախաքննություն: Պարզվել է, որ նմանատիպ արարքներ կատարելու համար նա նախկինում մի քանի անգամ հայտնվել է տարբեր երկրների իրավապահ մարմինների տեսադաշտում, փոխանցում է ԱԱԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG