Մատչելիության հղումներ

Միխայիլ Պլետնյովի մենահամերգը Երևանում


Ռուսաստանցի աշխարհահռչակ դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի, «Գրեմմի»-ի մրցանակակրի մենահամերգը տեղի է ունենում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Պլետնյովը առաջին անգամ է մենահամերգով հանդես գալիս Երևանում, կկատարի Բախի, Գրիգի և Մոցարտի ստեղծագործություններից:

Երաժշտագետները հաճախ են նշում, որ Միխայիլ Պլետնյովը ոչ միայն փայլուն դաշնակահար է, հրաշալի դիրիժոր, այլև հիանալի կոմպոզիտոր, առհասարակ մի արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների:

Արխանգելսկում ծնված Միխայիլը շատ վաղ՝ 12 տարեկանում դառնում է Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող, որն ավարտելուց հետո սկսվում են նրա ստեղծագործական նվաճումները: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների՝ այդ թվում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի և «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակակիր է, ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ:

25 տարի առաջ Պլետնյովը հիմնել էր Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն առաջին ոչ պետական, մասնավոր հիմունքներով ֆինանսավորվող նվագախումբն էր Ռուսաստանում և աշխարհում ամենահայտնի նվագախմբերից մեկն է այսօր:

Աշխարհի հեղինակավոր երաժշտագետները նրան համարում են «կատարողական արվեստի մեջ անմրցակից» դաշնակահար: BBC-ի երաժշտական մեկնաբաններից մեկը գրում է, որ միայն Սկառլատիի դաշնամուրային սոնատի կատարումը նրան դասում է աշխարհի մեծագույն դաշնակահարների թվին:

«Իսկապես մեծագույն երաժիշտ է, և կարծում եմ, որ շատ բախտավոր ենք, որ առիթ ունեցանք իրեն Երևանում հյուրընկալելու: Պլետնյովը խորհրդային տարիներին նվագախմբի հետ այցելել է Երևան, իսկ մենահամերգն իսկապես առաջին անգամ է Հայաստանում: Մեր սպասելիքները շատ մեծ են, որովհետև նա այն մի քանի անուններից է, որոնք այսօր դաշնամուրային կատարողական արվեստի գագաթնակետում են գտնվում: Կարծում եմ, որ մեծ տոն է քաղաքի համար, բոլոր երաժշտասերների համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG