Մատչելիության հղումներ

Վրաստանը պարտավորվել է իրականացնել «ավելի հավակնոտ» բարեփոխումներ


Տեսարան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից

Տեսարան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից

Վրաստանի կառավարությունը պետք է գործողությունների կատարման վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հաստատել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի սահմանած 2016-2019 թվականների գործողությունների ծրագիրը «շատ ավելի հավակնոտ» է, քան 2013-2015 թվականներինը:

Նախարարն ասել է նաև, որ վրացական կողմը փորձագետների հետ հանդիպումների միջոցով փորձում է արդյունավետ իրականացնել ծրագիրը:

ԵԽ փոխնախարարների կոմիտեն այս ծրագիրն ընդունել է 2016-ի մարտին։ Երեկ Վրաստանի արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ գործողությունների ծրագրի նպատակն է Եվրոպական կոնվենցիայով սահմանված և նախադեպային իրավունքների կիրառումը, ինչպես նաև Վրաստանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան սկզբունքների ներդրումը:

Ըստ ծրագրի, առաջիկա երեք տարիներին Վրաստանը պարտավոր է բարելավել դատաիրավական համակարգը, ընդունել իրավական ոլորտում անհանդուրժողականությունը կամ խտրական վերաբերմունքը բացառող ընթացակարգեր, վերապատրաստել իրավաբաններին:

Վրաստանը միևնույն ժամանակ պետք է ապահովի ընտրական վեճերի՝ իրավական ճանապարհով և արդարադատության սահմաններում հանգուցալուծման համար անհրաժեշտ պայմաններ, բանտարկյալների առողջության ապահովման համար համապատասխան քայլեր նախաձեռնի, բացի այդ, մշակի քաղաքացիների և մասնագիտական կարողություններով օժտված պետական մարմինների արդյունավետ համագործակցության ուղիներ:

Վրաստանի կառավարությունը պետք է գործողությունների կատարման վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:

2014 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանը հաստատել էր Վրաստանի և Եվրամիության միջև կնքված Ասոցացման համաձայնագիրը:

XS
SM
MD
LG