Մատչելիության հղումներ

Մայիսյան տոներին ընդառաջ փորձագետների կողմից ադրբեջանական նոր հարձակման փորձի ու լայնածավալ պատերազմ սկսելու հնարավորության վերաբերյալ կանխատեսումներից հետո այսօր Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ մայիսի 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշվում է միայն ադրբեջանական կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտելու որոշ դեպքերի մասին:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ պատերազմի վտանգը առկա է ամեն պահի, իսկ Ադրբեջանին նոր հարձակումից հետ պահող գլխավոր գործոնը հայկական զինված ուժերի պատրաստությունն է:

«Անակնկալի էֆեկտը եթե կար ապրիլի 2-ի դեպքում, կարծում եմ այլևս չկա և չպետք է լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Բադալյանը:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ևս «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ վիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ, սակայն, ըստ նրա՝ նոր հարձակումից Ադրբեջանին հետ է պահում նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ունեցած անհաջողությունը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կողմից Ղարաբաղի ճանաչման հարցը քաղաքական օրակարգ մտցնելը:

«Այս գործոնները միասին կանխել են Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունները: Արցախի կարգավիճակի վերջնականապես որոշման հարցը, ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի, ուղղակի պահում է օրակարգում, հասկացնելով, որ այդ կարգավիճակի որոշումը այլևս Ադրբեջանի կամքից կախված չէ, և եթե սանձազերծի նոր պատերազմ, ապա այդ դեպքում Ադրբեջանը ինքն է փակում կարգավիճակի հարցը», - նշեց Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ղարաբաղյան խնդրի վրա նշանակալի ազդեցություն են ունենում նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես Սիրիայի պատերազմն ու ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները: Սաֆարյանի պնդմամբ, ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի հուլիսի սկզբին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ղարաբաղում սրվի իրավիճակը:

«Որպեսզի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ստեղծվի այնպիսի մի թեժացում, որին ՆԱՏՕ-ն ստիպված լինի արձագանքել և ամրագրել տարածքային ամբողջականության իր սատարումը», - պարզաբանում է Սաֆարյանը, - «Ռուսաստանը, չկարողանալով կարգավորել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, բնականաբար շահագրգռված է լինելու կրկին ապակայունացմամբ, ինչպես Սիրիայում արեց՝ իրեն պահանջված դարձնելով: Այսինքն, այս բոլոր արտաքին դերակատարները, ցավոք սրտի, ունեն շահագրգռություններ՝ առնվազն իրենց համար վերահսկելի շրջանակներում ապակայունացնել տարածաշրջանը»:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով Ադրբեջանն ընտրել է մարտավարություն, որը նրան փակուղային վիճակում է դրել․ - «Ադրբեջանը ընտրել է մի մարտավարություն, որը իր համարա բացառում է այլ տարբերակները: Այսինքն, նա անընդհատ փորձելու է ստեղծել այն իրավիճակը, որը նրան հնարավորություն կտա հարձակվել կամ գրոհել: Եվ այդ առումով, առաջին իսկ առիթի դեպքում, կարծում եմ, Ադրբեջանը փորձելու է հարձակվել»:

Հայկական կողմը, ըստ քաղաքագետի, նման իրավիճակում շահեկան դիրքերում հայտնվելու համար պետք է ներքին բարեփոխումներ իրականացնի․ - «Ամենացցուն բանը դա ներքին որակների խնդիրն էր, որ դրսևորվեց, որը ազդել է թե՛ բանակում առաջնագծի նյութատեխնիկական ապահովվածության վրա, թե՛ տարբեր այլ ոլորտների վրա: Այս առումով, արվել են դեռևս շատ նվազագույն քայլեր, և ակնհայտ է, որ քայլեր կան, որոնք դեռ պետք է արվեն»:

XS
SM
MD
LG