Մատչելիության հղումներ

Վրաստանում այս շաբաթ կմեկնարկեն վրաց-ամերիկյան զորավարժությունները


Վրաստան - Bradley զրահամեքենաները վրաց-ամերիկյան Noble Partner 2015 զորավարժությունների ժամանակ, Վազիանիի ռազմակայան, մայիս, 2015թ․
Վրաստան - Bradley զրահամեքենաները վրաց-ամերիկյան Noble Partner 2015 զորավարժությունների ժամանակ, Վազիանիի ռազմակայան, մայիս, 2015թ․

Մոսկվան զորավարժությունները «սադրիչ քայլ» է որակում, Թբիլիսին հակադարձում է:

Այսօր առավոտյան Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարեցին ամերիկյան ռազմաօդային ուժերի չորս տրանսպորտային օդանավ և բրիտանական ռազմաօդային ուժերի մեկ օդանավ: Այդ օդանավերով Վրաստան ժամանեցին ամերիկացի և բրիտանացի զինծառայողները՝ առաջիկա զորավարժություններին մասնակցելու նպատակով:

Վրաստանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ Նիք Վիլքեսն օդանավակայանում ասել է, որ այդ զորավարժությունները Վրաստանի, Ամերիկայի և Բրիտանիայի զինվորականների համար լավ հնարավորություն են՝ համատեղ գործողություններում բարելավելու փոխգործակցությունը:

Գալիք չորեքշաբթի Noble Partner 2016 վրաց-ամերիկյան զորավարժություններ են սկսվելու, որոնց մասնակցելու են նաև բրիտանացի զինծառայողներ:

Զորավարժությունների նախաշեմին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դրանք որակել է «սադրիչ քայլ, ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի տարածքի աստիճանական յուրացում, որը նպատակ ունի Հարավային Կովկասում տատանել ռազմաքաղաքական իրավիճակը»:

Ռուսաստանը նաև մեղադրել է Վրաստանի գործընկերներին, նշելով, որ վարժություններում դաշինքի անդամ երկրների ռազմական տեխնիկան Վրաստան հասցնելու գործողություններ ևս մշակվում են, և ըստ Մոսկվայի՝ ԱՄՆ-ը ու իր գործընկերները «խրախուսում են Թբիլիսիի ռևանշիստական ձգտումները»:

Վրաստանի արտգործնախարարությունը, պատասխանելով Մոսկվային, հայտարարել է, որ զորավարժությունները ոչ մի ուրիշ կողմի դեմ ուղղված չեն. - «Զորավարժության նպատակն է բարձրացնել Վրաստանի զինված ուժերի վաշտի պատրաստվածությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ փոխգործակցելու համար»:

«Վրաստանը անկախ և ինքիշխան պետություն է և իրավունք ունի իր տարածքում ցանկացած տիպի վարժություններ անցկացնել: Վրաստանի ինքնիշխան իրավունքն է՝ որոշել ռազմական ոլորտի գործընկերներին և նրանց հետ համագործակցության ձևը»,- նշված է Վրաստանի արտգործնախարարության մայիսի 7-ի հայտարարությունում:

Noble Partner 2016 կոչվող զորավարժությունները անցկացվելու են Թբիլիսից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում մայիսի 11-26-ը: Զորավարժություններին մասնակցելու են Վրաստանի զինված ուժերի 500 զինծառայող , 650 ամերիկացի զինծառայող և 150 բրիտանացի:

Զորավարժություններում առաջին անգամ օգտագործվելու են ամերիկյան M1A2 Abrams տիպի տանկեր: Այդ տանկերը առաջին անգամ են մտնում Հարավային Կովկասի տարածաշրջան: Ամերիկյան ռազմական տեխնիկան Բուլղարիայից նավով արդեն տեղափոխվել է Փոթի նավահանգիստ: Զորավարժություններին մասնակցելու են նաև Bradley զրահամեքենաներ և C-130 ամերիկյան օդանավեր:

Զորավարժության ղեկավարներն են գնդապետ Արչիլ Օմիաձեն և գնդապետ Ջեֆ Դիքենսոնը:

Վրացական արտգործնախարարությունն իր հայտարարությունում նշել է, որ նման զորավարժություն Վրաստանում անցկացվել է նաև անցյալ տարի: «Այսպիսի վարժությունների օգնությամբ Վրաստանը խորացնում է համագործակցությունը գործընկերների հետ ռազմական վարժանքների և ուսուցման ոլորտներում, ինչը կարևոր է երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար», - հայտարարել է գերատեսչությունը, միաժամանակ նշելով, որ ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի և գործընկեր այլ երկրների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը Վրաստանի վաղուց հայտարարած քաղաքականությունն է:

«Հարավային Կովկասում կայունության պահպանումը առաջին հերթին համապատասխանում է Վրաստանի շահերին: Մենք բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումն ու նպատակը՝ Վրաստանում, ինչպես նաև տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ի պատասխան Մոսկվայի՝ հայտարարել է Թբիլիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG