Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Խաչատրյանն իր միլիոնների մասին. Վախեցեք չհայտարարագրված գումարներից


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «Հաղթանակ» զբոսայգում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Երևան, 9-ը մայիսի, 2016թ.

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «Հաղթանակ» զբոսայգում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Երևան, 9-ը մայիսի, 2016թ.

Ֆինանսների նախարարն ասաց, որ այդ գումարները վաստակել են երկար տարիների աշխատանքով։

Ամենահարուստ նախարարներից մեկը՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց՝ տեղյակ է քննարկվող այն խնդրին, որ միլիոնատեր պաշտոնյաները պետք է իրենց ունեցվածքը կիսեն բանակի հետ: Նա նշեց, որ ինքը նույնպես օգնել է բանակին, բայց չի կարող ասել՝ որքան և ինչպես: «Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ։ Ինչ ծրագրեր որ մենք իրականացնում ենք, հրապարակման ենթակա չեն», - ասաց Խաչատրյանը։

Լրագրողների մեկ այլ հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ հարուստների որդիներն առաջնագծում չեն հայտնվում, և այսօր սահմանը պահողները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ են, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ իր որդիները նույնպես առաջնագծում են, բայց իրենց ծրագրերով։ «Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ այնտեղ են և լուրջ ծրագրեր են իրականացնում, որի մասին, ցավոք սրտի, չեմ կարող ասել, եթե կարողանամ ասել, դուք ուղղակի կզարմանաք», - ասաց Խաչատրյանը։

Արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս Գագիկ Խաչատրյանը կարող է խոսել սոցիալական արդարության մասին, երբ ինքն ու իր կինը միայն հայտարարագրած տվյալներով միլիոնավոր դոլարներ ունեն, ֆինանսների նախարարը բացատրեց, թե այդ գումարները վաստակել են երկար տարիների աշխատանքով։

«Եթե համեմատության մեջ դնեք, ձեր մեջ էլ կարող է լինի տարբերություն, որ մեկը ֆինանսապես ավելի լավ վիճակում է, քան մյուսը։ Դե հիմա պաշտոնյաներ էլ կան, բիզնեսմեններ էլ կան... Ես միշտ ասել եմ՝ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված գումարներից, այլ չհայտարարագրված գումարներից։ Եթե ես հայտարարագրել եմ, ուրեմն նշանակում է՝ ես գիտեմ, թե ինչ եմ հայտարարագրել», - ասաց ֆինանսների նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG