Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանը վստահ է՝ լարվածությունը չի աճի


Լևոն Մնացականյան, արխիվ

Լևոն Մնացականյան, արխիվ

Ադրբեջանցիները, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի, «պաշտպանվում են, վախի մթնոլորտ է իրենց մոտ»:

Ընդհանուր իրավիճակը վերահսկվում է, զորքերի մարտական պատրաստականության վիճակը համապատասխան մակարդակի վրա է, սահմանները ամուր են և հուսալի: Այդ մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ով մասնակցում էր մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին:

«Ազատության» հարցին, թե ադրբեջանցիները զորքեր կուտակո՞ւմ են էլի, նա արձագանքեց․ - «Պարզ է, որ կկուտակեն, մենք էլ կցրենք»:

«Ազատության» այն հարցին էլ, թե արդյոք, իր կարծիքով, լարվածությունը հնարավո՞ր է աճի առաջիկա օրերին, Մնացականյանը պատասխանեց․ - «Ոչ, չի աճելու, նվազման միտում է գրանցված»:

Իսկ թե ճի՞շտ է արդյոք, որ ադրբեջանցիները հիմա պաշտպանվում են, այս կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը հայտարարեց․ - «Այո: Պաշտպանվում են, կազմակերպում են պաշտպանություն, վախի մթնոլորտ է իրենց մոտ: Էդքանը կարող եմ ասեմ, որ էսօր մեր զորքերը գտնվում են համապատասխան աստիճանի, որ պետք լինի՝ պատասխան տալու»:

Թե ինչու տոնական հագուստով չէր՝ տոն չէ՞ այսօր իր համար, այդ կապակցությամբ Մնացականյանը ասաց․ - «Իհարկե տոն է, նամանավանդ Մայիսի 9-ը, պարզապես այդպես էր պետք, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխանցենք մեր այ էս զինվորական, էդ դաշտային համազգեստը, էդ տրամադրությունը նաև բոլորին»:

Նա նաև հայտնեց՝ առավոտյան իրեն զեկուցել են, որ «ամեն ինչ հանգիստ է և ամեն ինչ վերահսկելի է»:

Սպառազինության հարցում առկա թերահավատության մասին հարցին ի պատասխան՝ Մնացականյանը շեշտեց․ - «Զինվորի ոգին որ գտնվում է տեղում, դա, էդ հավատը ներշնչվում է նաև զենքի առումով, եթե զենքը ձեր ասածը լինի, զինվորը թերահավատ կլինի, որը որ չկա: Զենքը տեղում է, զինվորի ոգին տեղում է, այսինքն՝ ամեն ինչ նորմալ է»:

«Այս օրերին շատ է խոսվում զիջումների մասին: Ո՞րն է Արցախի համար ընդունելի զիջումների սահմանը», - լրագրողներից մեկի այս հարցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը արձագանքեց․ - «Զիջում չկա, ոչ մեկը զիջումների մասին չի խոստացել, համենայն դեպս՝ ես դրա մասին չեմ լսել»:

Հարցը՝ «Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ի՞նչ կտա այս պահին, արդյո՞ք ժամանակն է այդ քայլը կատարելու», Լևոն Մնացականյանը խորհուրդ տվեց իրեն չուղղել․ - «Բերեք ես ռազմական մասով ձեր հարցերին պատասխանեմ, քաղաքական մասերով համապատասխան պատասխանատուներին տվեք»:

Ապրիլյան առաջին ծանր օրերը, գեներալի հավաստմամբ, «ոչ մի ընկճվածություն չի բերել, գտնվում է ամեն ինչ բարձր մակարդակի վրա, ոգու, ամեն առումով մեր զինծառայողը պատրաստ է»:

«Դիրքերի կորուստների մասին խոսեցին, հետո էլ խոսակցություն կար, որ ետ են վերցրել դիրքերը, կասե՞ք՝ ինչպես է եղել», - «Ազատության» այս հարցին Մնացականյանը պատասխանեց․ - «Ես չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, տեղյակ չեմ, էլի, հետ են վերցրել, ով է դիրքեր կորցրել, տեղյակ չենք, ինչ կա՝ ես երկու օր առաջ հեռուստատեսությանը տվել եմ, ասել եմ»:

Լրագրողների հիշեցմանն էլ՝ «ասել եք, որ եթե պետք լինի, անգամ հարձակողական մեծ զենքեր կկիրառվեն», Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը արձագանքեց․ - «Իհարկե, հիմա էլ եմ հաստատում ասածս»:

Տոնական միջոցառումները Ստեփանակերտում այսօր մեկնարկեցին վաղ առավոտյան: Հաղթանակի երթին մասնակցելու համար Ղարաբաղի մայրաքաղաք մեծ թվով հյուրեր էին ժամանել, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղարաբաղի նախագահի ուղեկցությամբ նրանք երթով Վերածննդի հրապարակից շարժվեցին դեպի եղբայրական գերեզման: Այստեղ Ղարաբաղի բանակի պատվո պահակախումբը շարային քայլերթ ցուցադրեց:

Տոնական օրվա կապակցությամբ Ղարաբաղի նախագահը նաև հատուկ ուղերձով է հանդես եկել, որտեղ նա ապրիլյան չորսօրյա պատերազմի մասնակիցներին համեմատում է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի հերոսների հետ:

«Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք մեծագույն մի հաղթանակ ևս. դա մեր երիտասարդ սերունդն է, մեր նորօրյա հերոսները, ովքեր պատվով են շարունակում իրենց նախնիների ավանդույթները` մարտի դաշտում հյուսելով նոր առասպելներ ու լեգենդներ: Պաշտպանության բանակի մեր անձնուրաց զինվորներն ամուր են կանգնած իրենց դիրքերում և անառիկ են պահում Արցախի Հանրապետության սահմանները», - ասել է Բակո Սահակյանը:

Զորքերի շքերթից հետո պաշտոնյաները ծաղիկներ տեղադրեցին եղբայրական գերեզմանում: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ արդյոք ապրիլյան իրադարձություններից հետո թարմացվել է զինված ուժերի զինանոցը, թե՝ ոչ: Նրա խոսքով, նոր սերունդը վերահաստատել է, որ շարունակելու է հաղթանակներ կերտել, իր Ադրբեջանում այսօր ի տարբերություն Հայաստանի և Ղարաբաղի տոն չէ:

«Որովհետև այսօր իրենց մեծ կորուստների օրն է և ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ փաստել է, որ իրենք պատերազմով անընդհատ կորուստներ են կրելու», - ասաց Հակոբյանը:

Տոնական միջոցառումներ այսօր նաև Շուշիում անցկացվեցին, Ղազանչեցոց եկեղեցում էլ մոմավառություն եղավ:

Թեև Ղարաբաղում այսօր տոն է, բայց միջոցառումները նախկին տարիների պես շատ չեն, քանի որ մեծաքանակ զոհերի պատճառ դարձած քառօրյա պատերազմից դեռ 40 օր չի անցել:

XS
SM
MD
LG