Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը չի մասնակցի ԼՂ ճանաչման նախագծի քվեարկությանը


Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ուղեկցությամբ այցելում է Հաղթանակ զբոսայգի, Երևան, 9-ը մայիսի, 2016թ․

Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ուղեկցությամբ այցելում է Հաղթանակ զբոսայգի, Երևան, 9-ը մայիսի, 2016թ․

«Հայաստանը, ըստ էության, միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է այն, ինչ դիվանագիտության մեջ կոչվում է casus belli՝ պատերազմ սկսելու արդարացում», - ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես»-ն (ՀԱԿ) ամենայն հավանականությամբ չի մասնակցի Լեռնային Ղարաբաղի ճանաչման խորհրդարանական քվեարկությանը:

«Այն միակ անգամը, որ մենք քվեարկելու ենք Ղարաբաղի ճանաչման համար, դա մի անգամ է լինելու և մենք քվեարկելու ենք կողմ: Բայց երբ մենք տեսնում ենք, որ պահը չի եկել, մենք համարում ենք, որ ավելի լավ է՝ ընդհանրապես չքվեարկել: Որովհետև մեր ձեռը չպիտի գնա դեմ քվեարկելու, անգամ՝ ձեռնպահ քվեարկելու», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը չարձագանքեց ԼՂ ճանաչման նախագծի համահեղինակներից Զարուհի Փոստանջյանի քննադատությանը, թե Տեր-Պետրոսյանը չի արտահայտում Հայաստանի շահերը, երբ ասում է, որ պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու «խելահեղ» մտքից:

«Զարուհի Փոստանջյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինձ համար բացարձակապես հեղինակություն չէ այն աստիճանի, որ ես չեմ գտնում, որ պետք է որևէ կերպ անդրադառնամ իր որևէ գնահատականի», - մեկնաբանեց Զուրաբյանը:

Այսօր Հաղթանակի այգի այցելած առաջին նախագահը հարցերի չպատասխանեց, փոխարենը կուսակիցներն էին վերահաստատում Տեր-Պետրոսյանի հոդվածի դրույթները:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, Ղարաբաղի ճանաչումն այսօր նշանակում է հրաժարվել բանակցություններից: «Դա նշանակում է՝ մենք ինքներս մեզ Մինսկի բանակցային խմբից դուրս ենք դնում», - ասաց պատգամավորը:

«Ազատության» հարցին՝ իր կարծիքով Մինսկի խումբը գործո՞ւմ է, Ջհանգիրյանը պատասխանեց․ - «Ես տեսնում եմ այդ գործունեությունը, մանավանդ ռազմական գործողությունների կասեցումը: Այդ բոլորը Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության արդյունքն է»:

Լևոն Զուրաբյան այլ փաստարկ է բերում՝ գերտերություններն ընդունում են Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքն ու ցույց տալիս դրա իրագործման ուղին՝ ինչո՞ւ է Երևանը ճանաչումով հրաժարվում դրանից․ - «Հայաստանը, ըստ էության, միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է այն, ինչ դիվանագիտության մեջ կոչվում է casus belli՝ պատերազմ սկսելու արդարացում: Եվ մենք մեր ձեռքով պետք է տա՞նք դա իրենց»:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է՝ Ադրբեջանն ինքը, նախաձեռնելով ռազմական գործողություններ, միևնույն է՝ իրեն դուրս չի դրել Մինսկի խմբի ձևաչափից, բացի այդ, ինչպես Տեր-Պետրոսյանն էր գրել՝ ճանաչման հարցում առայժմ չկա միջազգային կազմակերպությունների կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությունը: «Հայ ազգային կոնգրես»-ում բերում են Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի օրինակները:

Թեև իր հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակել էր Մադրիդյան սկզբունքները՝ առանձնացնելով հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին կետը, Զուրաբյանը չի մեկնաբանում հարակից շրջանների վերադարձի հարցը:

«Մենք բացարձակապես չպիտի մեկնաբանենք էսօրվա գոյություն ունեցող պլանը, առավել ևս, որ մենք չգիտենք պլանի դետալները: Իսկ դետալներից շատ բան է կախված: Մեկ ստորակետով կարող է պարզվել, որ տարածքները չպիտի տաս կամ պիտի տաս», - պարզաբանեց ՀԱԿ ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG