Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է Հայաստանի զինված ուժերի, Ռուսաստանի սահմանապահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Միքայել Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:

Նախագահն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG