Մատչելիության հղումներ

Սաֆրաստյանը Թուրքիայի քաղաքականության սկզբունքային փոփոխություն չի ակնկալում


Դավութօղլուի հրաժարականը, ըստ թուրքագետի, պարտադրված էր Էրդողանի կողմից։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականով՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային փոփոխություն չի ակնկալում։

«Դավութօղլուի քաղաքական մականունը թուրքական շրջանակներում «Հոջա» է, այսինքն՝ պրոֆեսոր, ուսուցիչ։ Նա ինքնուրույն քաղաքական դեմք չէ, այնպես որ, Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային փոփոխություն ես, ճիշտն ասած, չեմ սպասում», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց թուրքագետը։

Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայում շատ բան հիմնվում է անձնական հարաբերությունների վրա, և Դավութօղլուի հրաժարականը պարտադրված էր նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից։ «Երբ որ մենք խոսում ենք Թուրքիայի մասին, պետք է մի քիչ ավանդական, արևմտյան մոտեցումներից խուսափենք, այստեղ շատ բան հիմնվում է անձնական հարաբերությունների վրա, անձնական երևույթների վրա։ Ես կարծում եմ՝ Դավութօղլուի հրաժարականը, որն, իհարկե, պարտադրված էր Էրդողանի կողմից, պետք է բացատրել ոչ թե քաղաքական գործընթացներով, այլ ես ավելի շուտ հակված եմ դա բացատրել այն հանգամանքով, որ Դավութօղլուն վերջին շրջանում բավական հեղինակություն ձեռք բերեց եվրոպական քաղաքական շրջանակների մոտ, մասնավորապես՝ գերմանական։ Նրա լավ հարաբերությունները [Գերմանիայի կանցլեր] Անգելա Մերկելի հետ վերջին շրջանում ակնհայտ էին, և սա առաջացրեց զայրույթ, նախանձ, խանդ Էրդողանի մոտ, որը և որոշեց ազատվել իր այն ստեղծածից, իր այն քաղաքականություն բերած մարդուց, որը մի քիչ ավելի սկսել է հեղինակություն վայելել։ Ես կարծում եմ՝ սա է հիմքում», - ասաց թուրքագետը։

Ռուբեն Սաֆրաստյանը հակված չէ սկզբունքային փոփոխություններ սպասելու Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «ետդավութօղլուական փուլում»։ «Այո, Դավութօղլուն տեսաբան էր, որևիցե նրա հայացք արտաքին քաղաքականության բնագավառում, ես չեմ կարծում, որ հակառակ էր գնում Էրդողանի մոտեցումներին, այնպես որ՝ այդ մոտեցումները կպահպանվեն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ՝ գուցե ավելի քիչ տեսական հիմնավորմամբ։ Տեսաբանի հանգամանքի հետ կապված էլ, գիտեք, վերջին շրջանում արդեն ակնհայտ էր դառել, որ նրա տեսական այդ մոտեցումները, որոնք հիմք դարձան, այսպես կոչված, նեոօտոմանիզմի քաղաքականության, կամ «զրո խնդիր՝ հարևանների հետ» մոտեցման, ուղղակի լուրջ չէին ընկալվում արդեն», - ասաց Սաֆրաստյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 8-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG