Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. Այժմ հանդիպումները կարող են ուղղված լինել Ադրբեջանի նոր ագրեսիայի բացառմանը


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է ՀՅ Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, ովքեր Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներն ու գլխավոր քարտուղարը, ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի անդամներին հանգամանալից ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, դրանց հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը, պատասխանել Հայ դատի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

Անդրադառնալով բանակցային գործընթացի հեռանկարներին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է. - «Այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման նպատակով համապատասխան մեխանիզմների ստեղծմանը, ներառյալ՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար»։

Անդրադարձ է արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Հայրենիքի տնտեսական զարգացման աջակցության, համահայկական օրակարգի այլ հարցերի։

Խորհրդակցությանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական գործունեության շուրջ։ Անդրադարձ է արվել Մերձավոր Արևելքում իրավիճակի, սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի, հրատապ միջազգային և տարածաշրջանային այլ խնդիրներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով հանդիպումներին պարբերականություն հաղորդելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG