Մատչելիության հղումներ

ԼՂ ճանաչման նախագծի համահեղինակ․ Տեր-Պետրոսյանը չի արտահայտում Հայաստանի շահերը


Մինչդեռ, առաջին նախագահի գնահատականներին համամիտ Է իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի արտահայտում Հայաստանի շահերը, երբ հայտարարում է, թե «պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից»:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի՝ «Իլուր» կայքում հրապարակված հոդվածին, օրենսդրական նախաձեռնության համահեղինակը պնդում է՝ Տեր-Պետրոսյանը պարզապես կրկնում է ուրիշի խոսքերը: «Նա շարունակում է գործել ոչ թե հայ ժողովրդի ազգային շահերից, այլ խոսում է այլ պետությունների շահերից: Ըստ էության, կրկնում է Լավրովի հայտարարությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Նշված հոդվածում, մեջբերելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոների՝ այս տարվա մայիսին արած հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում»՝ Տեր-Պետրոսյանը գրել է․ - «Իսկ համընդգրկուն կարգավորում ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում և ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը»: Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին վրդովեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի այս եզրահանգումը: Ըստ պատգամավորի, դա, ըստ էության, Սերժ Սարգսանի և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախկինում արած հայտարարությունների կրկնությունն է:

«Մադրիդյան սկզբունքներ ասվածը հիմնականում այն է, որ Արցախի տարածքային ամբողջականությունը պետք է խախտվի, տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, որով խախտվելու է ամբողջ անվտանգության համակարգը: Տեսեք՝ առաջինն այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, որին հետևեց տիկին Նաղդալյանի հանրահայտ հարցազրույցը: Հիմա սա արդեն երրորդ, ավելի նուրբ ձևով հայտարարություն է, որը կատարվում է ավելի, այսպես ասենք՝ փորձառու քաղաքական գործչի շուրթերով: Բայց սրանք նույն կենտրոնից ուղղորդվող, նույն կենտրոնի պատվերը կատարող հայտարարություններ են, որոնք բացարձակ չեն համընկնում հայ ժողովրդի ազգային շահի հետ: Ես պատրաստվում էի հաղորդում ներկայացնել հանցագործության մասին՝ ընդգրկելով Սերժ Սարգսյանի և իհարկե՝ տիկին Նաղդալյանի այդ հայտարարությունները որպես դավաճանություն, բայց հիմա այս դավաճանությանը, փաստորեն, այս իրավիճակում, միանում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին՝ Տեր-Պետրոսյանը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը հղի է անկանխատեսելի ու աղետալի հետևանքներով: Արձագանքելով առաջին նախագահի հետևյալ դիտարկմանը՝ «քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից», Փոստանջյանը հարց է բարձրացնում՝ «Իսկ ինքը որտեղի՞ց գիտե, որ միջազգային հանրությունը չի ցանկանում ճանաչել: Ընդհակառակը, միջազգային հանրությունը պատրաստ է ճանաչել, բայց դրա համար առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի և ցույց տա աշխարհին, որ ինքը հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ: Որովհետև մենք այս տարիների ընթացքում, ըստ էության, մեր սուվերենությունը մասամբ զիջել ենք: Եվ այստեղ խնդիր է առաջացել ոչ միայն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, այլև Հայաստանի Հանրապետությունն այսօր խնդիր ունի իր ինքնիշխանության հետ կապված»:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը նույն հարցի առնչությամբ «Ազատությանն» ասաց՝ «Արցախի հարցը նուրբ է, հատկապես ճանաչման հետ կապված գործընթացներում»: Համամիտ լինելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ Հայաստանն իր գործողություններով ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը` ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում և կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին, հանրապետական Սահակյանն ընդգծում է՝ բանակցային գործընթացի խափանումը կբխի նաև Ադրբեջանի շահերից:

«Ադրբեջանը կարծես թե այս տարիներին, հատկապես վերջին տարիներին, հենց դա էլ փորձել է իրականություն դարձնել՝ խափանելով այս ձևաչափը, որպեսզի նոր ձևաչափ ձևավորի, որում, ասենք, Թուրքիան որոշակի դերակատարում կունենա որպես իր մեծ եղբայր: Եվ նմանատիպ այլ իրավիճակներ, որը շատ ավելի շահեկան կլինի իր [Ադրբեջանի] համար»,- ասաց Սահակյանը:

Իր հոդվածում առաջին նախագահը գրել էր, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը, ընդգծելով՝ «Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության և անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը»:

Հովհաննես Սահակյանը նշում է՝ աշխարհում չկա որևէ հայ, ով դե ֆակտո կասկածի տակ կդնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն, եթե այդ քայլը չընկալվի միջազգային հանրության կողմից, ապա այն որևէ արդյունք չի տա: «Արցախի անկախության ճանաչման համար երկու պատգամավոր չպետք է այդ փաստաթղթի տակ ստորագրի, դա պետք է 131 պատգամավորի առաջարկություն լինի: Հետևաբար, նաև հարմար պահի: Երբ որ գա դրա ժամանակը, մենք, կարծում եմ, դրա մասին և՛ կխոսենք, և՛ այն իրականություն կդարձնենք», - հայտարարեց հանրապետական պատգամավորը։

XS
SM
MD
LG