Մատչելիության հղումներ

Գերմանացի բժիշկները վիրավոր զինծառայողներին արտերկիր տանելու անհրաժեշտություն չեն տեսնում


Պրոֆեսոր Մարտին Շվարցը (ձ) լրագրողների հետ հանդիպմանը:
Պրոֆեսոր Մարտին Շվարցը (ձ) լրագրողների հետ հանդիպմանը:

Ֆրայբուրգի համալսարանական վերականգնողական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մարտին Շվարցն ու վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկենը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրետակոծությունից տուժած զինծառայողներին զննելուց հետո հայտարարեցին, թե նրանց բուժումն արտերկրում շարունակելու անհրաժեշտություն չկա:

Գերմանացի բժիշկները Հայաստանում են Առողջապահության նախարարության հրավերով՝ դեռ փետրվարին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բայց սահմանային բախումներից հետո այցի նպատակը փոխվեց: Նրանք զննել են հիվանդանոցներում բուժվող վիրավոր զինծառայողներին ու ծանր գնահատել 4-ի վիճակը:

«Մինչև այժմ բոլոր բուժաշխատանքները կատարվել են նորմալ, և ես որպես վիրաբույժ նույնը կանեի Գերմանիայում: Ներկա պահին կարող ենք ասել, որ ամենածանր դեպքերը «Էրեբունի» հիվանդանոցում են: Հասկանալի է ծնողների անհանգստությունը, բայց վստահեցնում ենք, որ ամեն ինչ արվում է լավագույն ձևով: Այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի հետո, բայց վիրավորների մոտ դրական դինամիկա կա: Հավանաբար ոչ բոլոր գործիքներն են նույնը, ինչ կա Գերմանիայում, բայց այս դեպքերի համար դրանք բավարար են: Այս պահին նրանց տեղափոխումն արտերկիր նպատակահարմար չէ», - ասաց Մարտին Շվարցը, ով հրաժարվեց վիրավոր զինծառայողների անունները նշել՝ չհստակեցնելով նաև, թե ով ինչ վիրավորում է ստացել:

Ողնուղեղային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, «Էրեբունի» հիվանդանոցում բուժվող որդու կողքից չի հեռանում: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ միակ զավակի բուժումը միայն արտերկրում է պատկերացնում․ - «Պահանջում եմ, որ իմ տղային առողջացնեն, տան ինձ: Իմ 19 տարեկան տղան չի կարող գալ, առաստաղին նայի ու պառկի․․․ Թող երկրից հանեն դուրս: Ես չեմ պահանջում, ես խնդրում եմ, շատ եմ խնդրում»:

Ռուբենի և նույն հիվանդանոցում բուժվող ու կրկին ողնաշարային վիրավորում ստացած 18- ամյա Արման Լազգյանի ծնողներին հանդիպած գերմանացի մասնագետները բացատրել են, որ այս պահին ամեն ինչ արվել է բարձր մակարդակով, և որ արտասհաման տեղափոխելու կարիք չկա:

«Ողնուղեղի վիրահատությունից առաջ նախ պետք է շատ լավ մտածել: Այդպիսի վիրահատությունները նույնիսկ Գերմանիայում շատ վտանգավոր են, որովհետև 4-րդ ողը շատ մոտ է գանգոսկրին, ու վիրահատությունից առաջ պետք է շատ լավ կշռադատել: Այս պարագայում հետագայի վերաբերյալ ոչ մի երաշխիք հնարավոր չէ տալ: Զինծառայողներից երկուսը ողնաշարային վնասվածքներ ունեն, նրանց վիճակը շատ ծանր է: Այստեղ ամեն ինչ արվել է, ավելին հնարավոր չէ: Նույնիսկ գերմանացի բժիշկն Աստված չէ», - ասաց Քրիստիան Յաշկենը:

Գերմանացի բժիշկների ու լրագրողների հանդիպմանը զուգահեռ առողջապահության նախարարի աշխատասենյակում շարունակվում էր հանդիպումը վիրավոր զինծառայողների ծնողների հետ: Հուզված ծնողները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Լրագրողների հարցերին ի պատասխան, թե որքան կարժենա հետագայում արտերկրում այս 4 զինծառայողների բուժման կազմակերպումը, առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հորդորեց գումարից չխոսել․ - «Առաջինը որոշվելու ա, թե ինչ բուժման տակտիկա իրականացվի, որտեղ՝ էստեղ, թե դուրսը, հետո նոր փողի մասին մտածենք: Եթե բժիշկները կորոշեն, որ դուրս տանել, բնականաբար, ինչ որ ֆինանսական աղբյուրներ կլինի, մենք չենք մտածի, կօգտագործենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG