Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան գործի քննությունը կշարունակվի. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը


Աջից՝ Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, արխիվ
Աջից՝ Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, արխիվ

9 տարի առաջ զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են։

Գեղարքունիքի զորամասերից մեկում 9 տարի առաջ մահացած 19-ամյա Տիգրան Օհանջանյանի գործով քննությունը կշարունակվի. երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը՝ հաստատելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վերացվել էր գործի վարույթի կասեցումը:

Պաշտոնական վարկածով էլեկտրահարումից մահացած զինվորի գործը 5 տարի քննելուց հետո իրավապահները կասեցրել էին վարույթը, եզրակացնելով՝ կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն, իրեղեն ապացույցները չեն պահպանվել, չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ։ Մահացած զինվորի ծնողները բողոքարկել էին վարույթի կասեցման որոշումը և հասել հաջողության:

Որդեկորույս ծնողները տարիներ շարունակ պնդում են, որ իրականում իրենց զավակին սպանել են: Նրանք այսօր «Ազատությանն» ասացին, որ չնայած գործի վարույթի կասեցումը վերացնելու որոշմանը՝ մեծ սպասելիքներ չունեն: Հայրը՝ Սուրեն Օհանջանյանն ասում է՝ «Դատն ավարտվել ա 2010 թվականի հունվարի 13-ին, հետ ա ուղարկվել զինվորական դատախազություն, արդեն 6 տարուց ավել անցել ա և ի՞նչ՝ ոչ մի բան չեն կատարել: Ու էսօր էլ ոչինչ չեն կատարելու, նրանք չեն պատասխանել մեր ոչ մի հարցի»: Մայրը՝ Գոհար Սարգսյան․ - «Ուղղակի ոնց որ կապիկություն անեն, հույս ունեմ, որ մի բանի ես կհասնեմ, բայց երևի իշխանափոխությունից հետո»:

Ըստ պաշտոնական վարկածի՝ 2007 թվականին զորամասի կապի հանգույցի մոտ Տիգրան Օհանջանյանը, հպվելով ռադիոռելային կայանի պահող ձգալարին, էլեկտրահարվել է և տեղում մահացել: Մահացած զինվորի ծնողները պնդում են, որ դատաբժիշկները չեն արձանագրել իրենց որդու մարմնի վրա եղած վնասվածքները, որոնք, ըստ նրանց, վկայում են մահվանից առաջ տեղի ունեցած ծեծի մասին։ Ու թեև դատական տարբեր ատյանների եզրակացություններով, դեպքի վայրում առկա էլեկտրակայանը չէր կարող զինվորի կյանքի համար վտանգավոր լինել, նոր վարկածներ այդպես էլ առաջ չեն քաշել։

«Իրենք պիտի ապացուցեն, որ իմ տղան էլեկտրահարվել ա, բայց էս 8 տարիների ընթացքում չեն կարողանում, թող կարողանան էնպիսի փաստեր բերեն, որ հոսանքից իմ էրեխու ատամը դուրս կթռնի, հոսանքից էրեխու շորը կպատռվի: Եթե լիներ դժբախտ պատահարի զոհ, էս տարիների ընթացքում գործն արդեն փակված կլիներ»,- ասում է մահացած զինծառայողի մայրը:

Տիգրան Օհանջանյանի ծնողները մահացած այլ զինծառայողների սևազգեստ մայրերի հետ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր պետական մարմինների վարչական շենքերի դիմաց՝ պնդելով, որ հասնելու են արդարության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG