Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը կարևորել է հակաթմրամոլային քարոզչության անհրաժեշտությունը


Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են թմրամիջոցների առանձին տեսակների շրջանառության դեմ պայքարի, փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներկրման ու արտահանման, հանրապետությունում թմրամիջոցների ընդհատակյա արտադրության հնարավոր սպառնալիքը կանխելուն ուղղված միջոցառումներին և մի շարք այլ հարցերի: Անդրադառնալով հանրային իրավագիտակցության բարձրացման և հասարակական վերահսկողության խստացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է հակաթմրամոլային քարոզչության նշանակությունը։

Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից արվել են գործնական առաջարկներ, կարևորվել է համագործակցությունը ինչպես գերատեսչությունների միջև, այնպես էլ համայնքների ներկայացուցիչների, ուսուցչական կոլեկտիվների, լրատվամիջոցների և շահագրգիռ այլ կառույցների հետ։

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ավարտին հաստատվել է 2016 թվականի աշխատանքային պլանը, որով սահմանված են գերատեսչությունների գործունեության ոլորտները, միջանկյալ ծրագրերը և դրանց իրականացման ժամկետները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG