Մատչելիության հղումներ

Արցախի թեմի առաջնորդ․ Ադրբեջանի իշխանությանը վստահել չի կարելի


Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 6-ը մայիսի, 2016թ․

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 6-ը մայիսի, 2016թ․

Պարգև արքեպիսկոպոսը համոզված է, որ Ղարաբաղի բանակը պատրաստ էր ապրիլյան հարձակմանը, «այլապես նման դաժան պատասխան չէինք տա»:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Ազատության» հետ զրույցում գնահատելով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավաճակը, նշեց՝ Ադրբեջանի իշխանությանը, ցավոք սրտի, վստահել չի կարելի, քանի որ այդ երկիրն արդեն երրորդ անգամ է խախտում զինադադարը՝ 1993-ին, 1994-ին և հիմա: Ավելին՝ ապրիլի 5-ին հենց ադրբեջանցիները խնդրեցին զինադադար և իրենք էլ խախտեցին, ու «այս ամենի արդյունքում, ցավոք սրտի, երկու կողմից երիտասարդներ զոհվեցին»:

Սրբազանը «100 տոկոսով» չի բացառում, որ Ադրբեջանի հետ դեռևս բանակցություններ կվարվեն, «բայց վերջին տասնամյակների կենսափորձը մեզ բերում է այն համոզման, որ այդ իշխանությանը վստահել գրեթե հնարավոր չէ, որովհետև իրենք անդադար խախտում են: Գրավոր պայմանավորվում են և գրավոր խախտում են»,- ասում է Պարգև արքեպիսկոպոսն ու համոզմունք հայտնում, որ Ադրբեջանն այդպես է վարվելու նաև հետագայում:

Արցախի թեմի առաջնորդը համաձայն չէ Հայաստանում հնչող այն մտահոգություններին, թե բանակը պատրաստ չէր ապրիլյան հարձակմանն ու, ընդհանրապես, բավարար չափով հանդերձավորված չէ: «Եթե մենք պատրաստ չլինեինք, մենք այսպիսի դաժան պատասխան չէինք կարող տալ: Եթե պատրաստ չլինեինք, իրենք կգրավեին գոնե մեկ շրջան, կամ կես շրջան: Մենք ահավոր պատասխան տվեցինք, և իրենց հարձակումը խեղդվեց մեր խրամատների մոտ, և մենք արդեն պատրաստվում էինք հակահարված տալ ու գնալ առաջ, իրենք վազեցին, լաց եղան և նորից զինադադար խնդրեցին, որովհետև հասկանում էին՝ մեկ-երկու օր հետո տարածքներ էին կորցնելու: Դա նշանակում է, որ մենք պատրաստ էինք»:

Ինչ վերաբերում է հայաստանյան մամուլում լայնորեն շրջանառվող այն պնդումներին, թե առաջնագծում ծառայում և զոհվում են առավելապես անապահով խավին պատկանող ընտանիքների երեխաները, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այս առնչությամբ նշեց, թե պատրաստ է հակառակն ապացուցող օրինակներ բերել: «Օրինակ, նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայում է առաջին, երկրորդ գծերում, նույն տեղում ծառայում է մեր հայտնի Ռուբեն Վարդանյանի որդին: Այնտեղ է ծառայում նաև մեր Անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղահրամանյանի որդին»,- թվարկեց Արցախի թեմի առաջնորդը, հավելելով, թե չի կարող մեկնաբանել այդ առումով Հայաստանում տիրող վիճակը:

«Ես գիտեմ, որ մենք ունենք սքանչելի երիտասարդ սերունդ, նրանք կամավոր գալիս են ծառայելու, զարմանալին այն է, որ աղջիկներն էլ են կամենում գալ առաջին գիծ»,- ասաց Պարգև արքեպիսկոպոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG