Մատչելիության հղումներ

Գեղամ Բաղդասարյան․ ԼՂ ճանաչումը իրականություն պիտի դառնա օր առաջ


Քաղաքագետ Գեղամ Բաղդասարյանը, արխիվ:
Քաղաքագետ Գեղամ Բաղդասարյանը, արխիվ:

Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի խմբագիրը տարակուսանքով է արձագանքում պնդումներին, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կվիժեցնի բանակցությունները:

«Հայատյացությունը պետական գաղափարախոսության մակարդակի հասցնելը, պարզվում է, չի խանգարում բանակցային գործընթացին, քնած հայ մարդուն կացնով սպանողին հերոսականացնելը, հայ ծերունիների ականջները կտրողներին հերոսականացնելը չի խանգարում բանակցային գործընթացին, բայց խանգարում է արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչումը․․․ Ուղղակի աբսուրդային վիճակ է, որ մի օր պետք է վերջակետ դրվի սրան, այլապես այս թատրոնը կշարունակվի, և մյուս կողմը ինչ էլ անի` կընդունվի, իսկ մենք միշտ վախվորած կմտածենք, թե ինչպես կանդրադառնա բանակցային գործընթացի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ղարաբաղցի քաղաքագետը:

Հատկապես որ, ըստ Բաղդասարյանի, բանակցություններ որպես այդպիսին վաղուց չեն էլ ընթանում․ ընդամենը արտգործնախարարների, երբեմն էլ նախագահների ոչ-պարբերական հանդիպումներ են:

«Կողմերից մեկը սկսել է պատերազմական գործողություն: Սա էլ չի խանգարում բանակցային գործընթացին, սա էլ չի փլուզում Մինսկյան գործընթացը, բայց պարզվում է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: Ծուռհայելային իրավիճակը պիտի մի օր փոխվի, և ես շատ ուրախ եմ, որ այս անգամ գոնե Արցախից հնչեցին հստակ ու միանշանակ հայտարարություններ: Սա կարևոր է, քանի որ քանիցս ընդգծել եմ՝ Արցախը չի կարող դեմ լինել ճանաչմանը՝ ում կողմից ուզում է լինի», - նշեց նա:

Քաղաքագետը մատնացույց է անում կարգավորման հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում․ - «Փաստորեն բանակցային ողջ գործընթացում Ադրբեջանը միայն մեկ սկզբունք է ընդունել՝ տարածքային ամբողջականությունը՝ միանշանակ, հստակ մերժելով մյուս երկու սկզբունքները: Մեր պարագային՝ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, կստացվի, որ մենք այդ երեք սկզբունքներից գոնե երկուսը ճանաչում ենք՝ ինքնորոշման իրավունքը և ուժի սպառնալիքի չկիրառումը: Բոլորս էլ առիթ ենք ունեցել լսելու տարբեր կարծիքներ, թե ինչու այլ երկրները չեն ճանաչում ԼՂՀ-ն: Հիմնական փաստարկը այն է եղել, և դրա մեջ ինչ-որ հեգնանք է նույնիսկ եղել, թե նույնիսկ Հայաստանը չի ճանաչել, մենք ինչո՞ւ պիտի ճանաչենք»:

Հայաստանցի քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Երևանը նույնիսկ բաց է թողել Ստեփանակերտի անկախությունը ճանաչելու պահը, երբ ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ արտահերթ կարգով չլուծեց այս հարցը․ - «Դա մի քայլ է, որից, ի նկատի ունենալով Հայաստանի միջազգային դիրքը և միջազգային հարաբերություններում նրա քաշը, ակնհայտորեն մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Այսինքն՝ չեն հետևելու բազմաթիվ պետություններ, ովքեր կճանաչեն: Բայց մի բան ակնհայտ է․ պետք է արվեր քայլ, որը կդառնար «խաղի փոփոխություն»»:

Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանի իշխանություններն անմիջապես դիմելու են ճանաչմանը, եթե Ադրբեջանը որևէ կտրուկ քայլի գնա․ - «Իսկ այժմ պարզապես գործի է դրվում մի գործիք, որը ինչ-որ չափով ազդում է Ադրբեջանի վրա, կամ կարող է ազդել միջազգային հանրության վրա՝ ճնշելու Ադրբեջանին և ետ պահելու ռազմական ագրեսիայից»:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը, առանց հավանության տալու, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող փաստաթուղթն ուղարկել է խորհրդարանի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG