Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարան կներկայացվի ուսանողներին տարկետման իրավունքից զրկելու մասին օրինագիծ


ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը դեռ մեկ տարի առաջ էին առաջարկել փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» օրենքում և հանել պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Հարցն այսօր պետք է քննարկվեր Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, հեղինակները, սակայն, նախագիծն այսօր էլ չներկայացրին, քանի որ, ինչպես ասաց Հակոբյանը, Կառավարությունը ևս հանդես է գալու նման մի նախաձեռնությամբ։

«Խոսել եմ Կրթության և գիտության նախարարի հետ, խոսել եմ մեր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, երեկ խոսել եմ Դավիթ Հարությունյանի հետ [Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար]․ առավելագույնը տասը օրվա ընթացքում այդ նախագիծը կմտնի խորհրդարան, կդառնա քննարկման թեմա: Որպեսզի կրկնություն չլինի, այդ դեպքում ավելի մանրամասն, ավելի տեղայնացված մեր առաջարկությունները այդ փաթեթում․․․ նոր կանցնենք քննարկումների: Հիմնական դրույթները մեր ընդգրկված են», - ասաց Հակոբյանը:

Հեղինակները կարծում են, որ բարձագույն կրթություն ստանալ, ապա գիտական գործունեությամբ զբաղվել տղաները կարող են նաև պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո՝ եթե ԲՈւՀ չեն ընդունվել բանակից խուսափելու համար․ - «Փաթեթում լինելու են հիմնական, հատուկ դեպքեր, որը իմունիտետ է ապահովում այդ հատուկ դեպքերում այդ ոլորտներում ընդգրկված ուսանողների նկատմամբ: Խոսքը ռազմաարդյունաբերական ոլորտին վերաբերող այս տարածության մասին է: Կամ ունենք ընտրյալներ՝ ենթադրենք, ունենք միջազգային մրցույթների դափնեկիրներ, ունենք շախմատիստ գրոսմայստերներ, ունենք միջազգային օլիմպիադայի հաղթողներ»:

Թևան Պողոսյանի խոսքով, փոփոխությունը, ընդունվելու դեպքում, կվերաբերի ԲՈւՀ-երում անվճար սովորող մոտ 700-800 երիտասարդի․ - «Ոչ թե միայն մարդուժի խնդիրն է լուծվում, այլ լուծվում են մի քանի խնդիրներ, որոնք ավելի կարևոր են: Օրինակ, սոցիալական արդարության․ հարուստի երեխան քննությունները լավ ա տվել, անցել ա, ինչո՞ւ եք զարմանում, որ չի ծառայել»:

Մեկ տարի առաջ, Պողոսյանի ու Հակոբյանի խոսքով, իրենց հեղինակած նախագծին «չէ» չասելով՝ իշխանությունը կոչ էր արել նախ ապահովել քաղաքական կոնսենսուս։ Իշխող կուսակցությունը, ըստ Պողոսյանի, չէր ցանկանում «հանրային բողոք բարձրացնել»․ - «Այսօրվա դրությամբ անվտանգության խնդիրը լրիվ այլ մակարդակի է: Տարեցտարի բնակչության նվազելով՝ մենք, բնականաբար, հասկանում ենք ավելի դժվար ապահովություն այն խնդիրների, որոնք պետք է մեր սահմանները ամուր պահեն: Հենց որ գալիս է հարցը՝ բա լավ, ո՞նց պետք է լինի․․․ անցնում ենք պայմանագրային ծառայությունների: Պայմանագրային ծառայությունները բերում են մեծ ֆինանսական խնդիրների: Եվ պետք է նայեն նաև գրավչության էլեմենտը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այսօր էլ փոփոխությունների գնալու քաղաքական որոշում չունեն․ պետք է այնպես անեն, որ «չտուժեն ո՛չ բանակի, ո՛չ կրթության ու գիտության շահերը»։

«Ազատության» հետ զրույցում Բաղդասարյանը պնդեց, որ 18 տարեկաններով բանակը համալրելու անհրաժեշտություն չունեն․ - «Երկրի ժողովուրդը այնպես է ոգեշնչված, որ ոչ միայն մինչև 45 տարեկաններին ենք մենք զորակոչում, այլ կամավորականների քանակը այնքան շատացել է, այնքան մեծացել է առաջին գիծ գնացողների ցանկությունները, որ մենք այդ համալրումը կարծես թե կարողանում ենք ապահովել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է կառավարությունը որոշել հենց այս պահին բարձրացնել խնդիրը, նա արձագանքեց․ - «Քանի որ արդեն պատգամավորների կողմից կար նման տիպի առաջարկություն, եթե կառավարությունը այդ քայլը չկատարի, այս հարցը պետք է դնել քննարկման: Եվ մերժման դեպքում նույնպես պետք է քննադատություններ առաջանային, ընդունման դեպքում՝ նույնպես, որովհետև միակարծիք չեն բոլորը այս հարցի շուրջ: Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք, որ մի միասնական նախագիծ եթե պետք է լինի, այդ նախագիծը պետք է այնպիսին լինի, որ համաձայնեցված լինի և՛ քաղաքական ուժերի կողմից, և՛ լավ քննարկման առարկա դարձած լինի»:

XS
SM
MD
LG