Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը զորքեր և զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին»


Ադրբեջանի բանակի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի բանակի զորավարժություններ, արխիվ

Այս հարցը պատգամավորները քննարկել են պաշտպանության նախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ:

Այս լուրն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, ովքեր չորեքշաբթի օրը խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանձնաժողովի անդամներից Խաչատուր Քոքոբելյանը ոչ միայն հաստատեց այս տեղեկությունը, այլև նշեց, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի սահմանին նոր ռուսական հրանոթներ է տեղակայել:

«Ես ինքս ստույգ տեղեկացված եմ ու կարող եմ հաստատ ասել՝ այո, նույն Նախիջևանի կողմը կա զորքերի կուտակում, կա զինտեխնիկայի կուտակում, ավելին՝ հստակ ինֆորմացիա կա հայկական կողմում, ես ինքս դա հաստատում եմ որպես Ազգային ժողովի պատգամավոր, որ այնտեղ նոր ռուսական հրանոթներ են բերվել և այդ հրանոթները, ինչպես բոլոր տեղերում, փորձարկումների և ադապտացիոն խնդիր են լուծում: Այսինքն, մի ավելորդ անգամ առերեսվում ենք, որ նույնիսկ այս պատերազմական օրերին, ռուսական կողմից նոր զինտեխնիկա է ստացվում: Իսկ կուտակումների մասին, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Դա ուղղակի, հենց այնպես լուր չէ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ևս «Ազատության» հետ զրույցում հաստատեց ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից բացի, Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին: Այս հարցը քննարկել են նաև պաշտպանության նախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, ընդգծեց Նահապետյանը:

«Այո, որոշակի ուղղություններով, այդ թվում նաև՝ ձեր նշած ուղղությամբ, նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ: Բայց իրավիճակը վերահսկելի է: Ե՛վ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջապես տիրապետում են իրավիճակին, մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են՝ դիմագրավել ցանկացած հարձակում: Եվ այդ առումով, ուզում եմ վստահեցնել հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր այն նոր մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետև իրապես մենք վերահսկում ենք համապատասխան տարածքը»,- հավաստիացրեց Կորյուն Նահապետյանը:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը որոշել Նախիջանի հատվածում նույնպես զինտեխնիկա կուտակել, դրանով ինչ հարց է լուծում, Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե դա մարտավարական քայլ է: Նա հիշեցրեց Ղարաբաղյան առաջին պատերազմի այն շրջանը, երբ լայնամասշտաբ գործողություններ սկսվեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի սահմանների ամբողջ երկայնքով:

«Բնականաբար, ամբողջ ծավալով առճակատմամբ տարբեր խնդիրներ է լուծում էդ պարագայում: Եվ այսօր, ցավոք սրտի, կուտակումներ կան նաև հյուսիսարևելյան հատվածում, կա ազգաբնակչության տեղահանում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում: Նաև Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում: Վստահ չեմ, որ Նախիջևանի հատվածում լայնածավալ գրոհ կսկսվի, բայց, իհարկե, չեմ էլ բացառում: Բայց վստահ եմ, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունները սկսվելուն պես, գործողություններ կլինեն նաև Հայաստանի հետ սահմանագծին: Դա այլևս ակնհայտ փաստ է»,- ասաց Քոքոբելյանը:

Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի անդամները չեն բացառում, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դա բացատրում է ոչ թե սահմանին զինտեխնիկայի կուտակմամբ, այլ ստեղծված իրավիճակով: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ըստ նրա, այդ իրավիճակը չի փոխվել: Որոշ երկրներ շարունակում են հովանավորել Ադրբեջանին, ավելին՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, անգամ այս լարված իրավիճակում, շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:

«Որպեսզի պատերազմը չվերսկսվի, պետք է այդ գործոնների փոփոխություն տեղի ունենա: Օրինակ՝ հիմա ռուսական զենքի մատակարարումը չի փոխվել, օրինակ՝ միջազգային հանրության կողմից հստակ գնահատականներ Ադրբեջանի գործողություններին, միևնույն է, իմ գնահատմամբ, մինչ այս պահը բավարար մակարդակի չեն եղել»,- հիմնավորեց Քոքոբելյանը:

Այն, որ առաջիկայում Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը մեծ է, «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Փորձագետները հիմնականում հավանականությունը շատ բարձր են համարում, որ կարող են լինել նոր ռազմական գործողություններ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք»,- ասաց Նահապետյանը:

Ի դեպ մայիսի 8-ից և 9-ից առաջ ադրբեջանական զինուժի կողմից ծրագրվող հարձակման մասին տեղեկություններին այսօր անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է՝ «Հայերը ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե պետք է սպասեն օկուպացված տարածքների ազատագրմանը և երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից»: Սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական ռազմատենչ հայտարարությունն է:

XS
SM
MD
LG