Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախկին փոխնախարար․ «Արցախի ճանաչման պարագայում կունենանք ավելի անվտանգ իրավիճակ»


ԼՂ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյան, արխիվ

ԼՂ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Մասիս Մայիլյանը վկայակոչում է «բալկանյան փորձը և ուրիշ տեղերի փորձերը»:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանի կարծիքով՝ «ընդհանրապես, միջազգային ճանաչումը տարբեր ոչ ճանաչված երկրների տալիս է ավելի շատ անվտանգություն այդ հակամարտող գոտիներին»:

«Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, այս պահին ի՞նչ կարող է տալ Ղարաբաղին, Հայաստանին, Մայիլյանը, մատնանշելով «բալկանյան փորձը և ուրիշ տեղերի փորձերը», շարունակեց․ - «Մենք դա տեսանք 2008 թվականից այս կողմ, նաև Կոսովոյի, տարբեր հանրապետությունների ճանաչման հետևանքով այդ տարածքները ավելի շատ անվտանգություն ստացան: Այսինքն, դա լծակ է, որի միջոցով կարելի է ապահովել անվտանգությունը՝ ոչ միայն ռազմական ուժի շնորհիվ, այլ նաև քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Եվ այս մեխանիզմը շատ էֆեկտիվ է»:

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախկին տեղակալի համոզմամբ՝ «ժամանակն է, որ այդ ճանաչման մեխանիզմը օգտագործվի նաև Արցախի պարագայում, և մենք ունենանք ավելի կայուն իրավիճակ, ավելի անվտանգ իրավիճակ»:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ նաև ճանաչված պետությունների հանդեպ էլ կարող է ագրեսիա լինի, բայց ճանաչված պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ավելի շատ հնարավորություններ ունի ստանձնել, օրինակ, տարածաշրջանի անվտանգության համակարգի մաս, կամ, այսպես, անգլերեն որ ասում են՝ security umbrella, ինչ-որ մի նման անվտանգության անձրևանոցի տակ հայտնվի և ավելի լավ ապահովի իր բնակչության անվտանգությունը», - ասաց Մայիլյանը:

XS
SM
MD
LG