Մատչելիության հղումներ

Հայաստան ներգաղթած սիրիահայերի 95 տոկոսը տեղակայված է Երևանում


Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան ներգաղթած սիրիահայերի 90-95 տոկոսը տեղակայված է մայրաքաղաք Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

«Երևանի քաղաքապետարանը 2012 թվականի հունվարից ակտիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստան ներգաղթած սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներին, որոնց 90-95 տոկոսը բնակվում են Երևանում: Ըստ վարչական շրջանների իրականացվել է հաշվառում՝ հայտնաբերելու կարիքավորներին ու սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերով թեթևացնել նրանց կարիքը»,- հայտնել է Ռուզաննա Զաքարյանը:

Նրա տեղեկացմամբ, 2012-2016-ին Երևանի քաղաքապետարանը դրամական աջակցություն է ցուցաբերել 463 կարիքավոր ընտանիքի` 11 միլիոն 652 հազար դրամ ծավալով: 2763 ընտանիքների տրամադրվել է նյութական տարաբնույթ աջակցություն (հագուստ, բնակարանների վարձեր), պարենային աջակցություն է ստացել 2063 ընտանիք:

«Նախադպրոցական հաստատություններում ընդգրկվել է 169 սիրիահայ երեխա, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 487 երեխաներ, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 33 սիրիահայեր, որոնցից 11-ը՝ անվճար հիմունքներով»,- նշել է բանախոսը:

Նա նաև հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ 2015-ին դիմել են 2500, իսկ 2016-ի չորս ամիսներին՝ 687 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG