Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկ. Թուրքիայում վախի մթնոլորտ է


Օրհան Փամուկը Պրահայի գրականության փառատոնի հյուր, Պրահա, 19-ը ապրիլի, 2013թ.

Օրհան Փամուկը Պրահայի գրականության փառատոնի հյուր, Պրահա, 19-ը ապրիլի, 2013թ.

Գրողի համոզմամբ, Եվրոպան պարտավոր է միջամտել։

Իտալիայում լույս տեսնող La Repubblica օրաթերթի թղթակից Մարկո Անսալդոյի հետ զրույցում թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ասել է, որ Թուրքիայի իշխանությունը լռեցնում է ընդդիմությանն ու լրագրողներին։

«Երկրում վախի մթնոլորտ է, և Եվրոպան պարտավոր է իր խոսքն ասել»,- հայտարարել է աշխարհահռչակ գրողը։

Փամուկը, նշում է Անսալդոն, երբեք չի թաքնվել հարմարվորական բանաձևերի ետևում, ազգայնամոլները նրան բազմիցս սպառնացել են հաշվեհարդարով հայերի ցեղասպանության և քրդերի զանգվածային սպանությունների մասին հրապարակային հայտարարությունների համար։

Հարցազրույցում Փամուկն ասել է, որ Եվրոպան կուրանա իր իդեալները, եթե փորձի պատնեշներով պաշտպանվել միգրանտներից։

Թուրք գրողը նշել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը մտավորականներին մեղադրում է իրեն իբրև թե վիրավորելու համար։ Նախօրեին Ստամբուլի դատարանում քննել են Փամուկի ընկերոջ` Մուրաթ Բելգեի գործը։

«Ես շատ լավ եմ ճանաչում Բելգեին, նա մեր երկրի ամենանշանավոր գիտնականներից մեկն է, նա իմ ընկերն է, ես նրա հոդվածները 50 տարի է կարդում եմ, ես նրանից շատ բան եմ սովորել»,- ասել է գրողը և ավելացրել. - «Ոչ ոք նախագահին չի վիրավորում, խոսքը քաղաքական ընդդիմությանը լռեցնելու, մտքի ազատությանը հարված հասցնելու, կառավարության քննադատության հնարավորությունն իսպառ բացառելու, ժողովրդին ահաբեկելու, երկիրն ահաբեկելու նախագահի գործելակերպի մասին է»։

Լրագրող Անսալդոն շեշտում է՝ Օրհան Փամուկը վախենում է ոչ թե սեփական անձի, այլ երկրի, ընկերների, եվրոպամետ հայացքներով կիրթ, աշխարհիկ թուրքերի համար։ Նրան շատ է մտահոգում մամուլի ազատության հարցը։

Իշխանությանը քննադատող լրագրողներին ահաբեկում են, աշխատանքից են հեռացնում, թերթերը փակում են, վերջին ժամանակաշրջանում իսլամամետ կառավարությունը կորցնում է ազատականի իր դեմքը, պետությունը հետզհետե դառնում է ավելի ավտորիտար և հալածող։

«Նույնիսկ չեմ ուզում խոսել ապագայի մասին, ներկան է չափից շատ տխուր»,- ասել է Փամուկը։

Նա ողջունում է մուտքի արտոնագրերի հարցով Եվրամիության և Թուրքիայի համաձայնությունը, բայց ասում է, որ հնարավոր են տարաձայնություններ Եվրամիության և օրըստօրե ավելի բռնապետական դարձող Թուրքիայի իշխանության միջև։ Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ եվրոպացիները չցանկանան իրենց շուրջը տեսնել ոչ միայն սիրիացիներին, ասիացիներին, այլև քրդերին ու թուրքերին, իսկ դա, ըստ Փամուկի, ոչ ամենահաճելի զգացումը կլինի։

«Եվրոպան պարտավոր է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նկատմամբ հենց մարդու իրավունքների հարցում, հուսով եմ` երբ եվրոպացի լիդերները սեղմում են թուրք գործընկերների ձեռքը, խոսքի ազատության մասին հիշեցնելու առիթը բաց չեն թողնում»,- հայտարարել է Օրհան Փամուկը։

XS
SM
MD
LG