Մատչելիության հղումներ

logo-print

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում այս տարի հողից եկամուտ չեն ակնկալում: Դաշտերի հողը հիմնականում անմշակ է, անասուններին էլ վախով են արոտավայր տանում։

«500 հեկտար հող ունենք ընտեղ, լրիվ իրանց ձեռքին ա: Լրիվ փորել են, զենքեր են շարել, ինչ են արել․․․ անընդհատ հենա խփում են: Մթնում ա, արդեն չենք կարում քնենք», - «Ազատությանն» ասաց Ադրբեջանի սահմանին ամենամոտ գտնվող գյուղի բնակիչներից մեկը:

Վերջին օրերին Բերքաբերում ամեն օր են կրակոցներ լսում։ Հողից կտրված գյուղացին անհանգիստ է հատկապես դիրքերում կանգնած համագյուղացիների ու գյուղի մանկահասակ երեխաների համար։

Այդուհանդերձ, ինչպես ասաց տարեց մի բերքաբերցի, երեխաները դպրոց են հաճախում․ - «Չենք էլ ուզում տեղահան անենք: Որովհետև հենց մի փոքր գյուղը տեղահան եղավ, հաշվի որ արդեն վտանգի տակ ա»:

Չդադարող կրակոցներից մարդիկ, բարեբախտաբար, չեն տուժել, սակայն վերջին օրերին անասունների կորուստներ ունեն:

Ռայա Մանթաշյանը պատմեց, թե ինչպես են իր հովիվ ամուսինն ու հարևանը հարձակման ենթարկվել ոչխարի հոտն արածեցնելիս: Մի կերպ փրկվել են, միայն մի ոչխարի կորստով արոտավայրից հեռացել։

Բերքաբերցիներն իրենց գյուղը համեմատում են Ղարաբաղում ռմբակոծված Թալիշի հետ ու վախը սրտներում խոսում հնարավոր վտանգների մասին․ - «Ոնց որ Թալիշին մտան, մենք էլ ենք վախենում... 200-300 մետր չկա»:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը գյուղի նոր ջրատարի անցկացման աշխատանքներով էր զբաղված։ Նշեց, թե գյուղացիների անվտանգության համար փորձում են ջուրն ավելի մոտեցնել տներին․ - «Ամեն օր էլ էս գործերը մենք անում ենք: Դե որ կրակում են, էդ չի նշանակում, որ կյանքը կանգնել ա»:

Դժվարությունների մեջ ապրող գյուղացիները վերադասից շատ բան չեն սպասում, բայց անորոշությունից շատ են նեղվում ու նշում, թե ուշադրությունից հեռու մնացած գյուղը դատարկվելու վտանգի առաջ կարող է կանգնել․ - «Մեզ տերություն անեն, որպեսզի ժողովուրդը ստեղից չքոչեն»:

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր Տավուշի մարզ այցելել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նոյեմբերյանցիները բարձրացրել են քաղաքը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում:

Վարչապետն այցելել է նաև Ոսկեվան, Զորական և Կոթի համայնքները։

«Հենց իմացան, որ մենք վախենում ենք իրանցից, կկրակեն ամբողջ օրը: Դրա համար պիտի լինենք համախմբված, միասնական», - գյուղացիների հետ զրույցելիս ասել էր վարչապետը:

XS
SM
MD
LG