Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման որոշում կայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես այդ մասին կտեղեկացնի իր գործընկերներին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը», - նշված է ԱԳՆ հայտարարությունում:

«Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին», - նաև ասված է հայտարարությունում:

Հայաստանի արտգործնախարարությունը նաև հույս է հայտնել, որ` «Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից»:

«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին», - նաև ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG