Մատչելիության հղումներ

Դավութօղլուն հեռանում է ԱԶԿ-ի ղեկավարի և վարչապետի պաշտոնից


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին Դավութօղլուն այսօր հայտարարել է կուսակցության Կենտրոնական վարչական խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Դավութօղլուն հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը մայիսի 22-ին արտահերթ համագումար կանցկացնի, որի ժամանակ ինքը չի առաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

«Ես կարծում եմ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության միասնության և միասնականության շարունակության համար ավելի ճիշտ է փոխել կուսակցության նախագահին, քան թե Կենտրոնական գործադիր կոմիտեն։ Ստեղծված պայմաններում առաջիկա արտահերթ համագումարին չեմ պատրաստվում առաջադրել իմ թեկնածությունը», - հայտարարել է Դավութօղլուն։

Այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան շուտով նոր վարչապետ կունենա, քանի որ ավանդաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնում է իշխող կուսակցության ղեկավարը։

Դավութօղլուն նշել է, որ իր քաղաքական գործունեությունը կշարունակի որպես Քոնիա նահանգից ընտրված պատգամավոր։

Արտահերթ համագումար անցկացնելու մասին որոշումը ընդունվել է երեկ երեկոյան նախագահ Թայիփ Էրդողանի և Ահմեթ Դավութօղլուի միջև կայացած հանդիպումից հետո։

Էրդողանը այսօր մեկնաբանել է առաջիկա համագումարին Դավութօղլուի չառաջադրվելու որոշումը՝ նշելով, որ այդ որոշումը անձամբ վարչապետն է կայացրել։

Մինչդեռ թուրքական ընդդիմությունը այլ կարծիքի է։ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր հայտարարել է, որ Դավութօղլուն հեռանում է միայն մեկ մարդու ցանկությամբ։ Նա քննադատել է Դավութօղլուին՝ նշելով, որ վերջինս պարտավոր էր դիմանալ ճնշմանը։ Քըլըչդարօղլուն տեղի ունեցած զարգացումները մայիսի 4-ի հեղաշրջում է անվանել։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթդին Դեմիրթաշը ևս կիսել է Քըլըչդարօղլուի կարծիքը՝ իրադարձությունների նման շրջադարձը որակելով որպես հեղաշրջում։ Նա նշել է, որ Էրդողանը չարաշահում է իր սահմանադրական լիազորությունները և միայնակ որոշում, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

Դավութօղլուի հեռանալու մասին լուրերի ֆոնին թուրքական մամուլն ակտիվորեն քննարկում է վարչապետի պաշտոնի հավակնորդներին։ Շրջանառվող անունների թվում են արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, տրանսպորտի նախարար Բինալ Յըլդըրըմը, էներգետիկայի նախարար և Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։

Թուրքական և արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ 21-ամիս Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեթ Դավութօղլուի հեռանալը նախագահ Թայիփ Էրդողանի հետ աստիճանաբար խորացող հակասությունների արդյունքն է։ Մինչդեռ Դավութօղլուն այսօր հայտարարել է՝ «անկախ իրադարձությունների զարգացումներից, ես մինչև վերջին շունչս հավատարիմ եմ իմ տված խոստմանը և նախագահին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG