Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյանի պնդմամբ, առնվազն երեք եվրոպական երկիր պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը


ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Պատգամավորի խոսքով, վերջին օրերին իր հետ կապ են հաստատել դիվանագետներ երեք երկրներից

Առնվազն երեք եվրոպական երկիր պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նա պատմեց, որ վերջին օրերին իր հետ երեք երկրներից դիվանագետներ են կապ հաստատել և խոստացել, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո իրենք էլ կգնան նույն քայլին։

«Ասել են, որ իրենք բոլոր ջանքերը գործադրելու են, որպեսզի իրենց կառավարությունները նույնպես ճանաչեն Արցախի անկախությունը։ Սպասում են Հայաստանի ճանաչմանը», - նշեց պատգամավորը։

Փոստանջյանը դեռ չի ցանկանում հայտարարել, թե որ երկրներն էին ներկայացնում իր հետ կապ հաստատած դիվանագետները։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության խոսնակ Անի Սարգսյանն էլ փոխանցեց, որ տիկին Փոստանջյանի տրամադրած տեղեկության մասին այս հարցազրույցից են տեղեկանում։

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանի խոսքով` Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը դեռևս ոչինչ չի նշանակում. - «Դա պետությունների միջև հարաբերությունների արդյունք է, և այո` մենք այսօր կողջունենք, եթե որևէ պետություն ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Առաջիկայում արդեն օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում։ Խմբակցություններից Հանրապետականը և Դաշնակցությունը Ղարաբաղի ճանաչման կողմնակից են, բայց կարծում են, որ այդ քայլին պետք է գնալ, եթե Ադրբեջանը պատերազմական գործողությունների դիմի։

Դաշնակցությունից Աղվան Վարդանյանի կարծիքով, այս օրինագիծը Ադրբեջանին և արտաքին աշխարհին ուղղված ազդակ է, քանի որ Բաքուն իր գործողություններով հակառակ է գնում խաղաղ բանակցություններին. - «Եթե ինքը շարունակելու է նույն ոգով, շարունակելու է իր ժողովրդին պատրաստել հայատյացության պատերազմի և շարունակելու է փորձել ռազմական ուժով լուծել խնդիրը, Հայաստանին այլ բան չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և իր ամբողջ կարողականությամբ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:

Հանրապետական Արտակ Զաքարյանը ևս ասաց, որ կառավարության եզրակացության մեջ գրված է, թե որ դեպքում իրենք կընդունեն Արցախի անկախությունը:

«Ամեն ինչ կախված է արտաքին գործոններից», - շեշտեց նա, - «Մենք ամեն կերպ ամեն ինչ անելու ենք, որպեսզի պահպանենք բանակցային ձևաչափը և պահպանենք խաղաղ կարգավորման հեռանկարները, բայց մենք ընդամենը բանակցությունների կողմն ենք, և շատ կարևոր է, որպեսզի նման ընկալում լինի նաև Ադրբեջանում»:

Մինչ խորհրդարանի լիագումար նիստում հայտնվելը օրինագիծը նախ պետք է քննարկվի Արտակ Զաքարյանի ղեկավարած Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Նա վստահեցրեց, որ իրենց եզրակացությունը կրկին Ադրբեջանի քայլերից է կախված լինելու։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է դեմ քվեարկել Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդում է, որ դա կխանգարի խաղաղ բանակցություններին. - «Եթե ուզում եք դուրս գալ բանակցային գործընթացից, ձեռնոց նետել Մինսկի խմբին` խնդիր չկա, կարող ենք նաև գնալ այդ ճանապարհով»:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանում» դեռ խուսափում են կարծիք հայտնել, պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխանցեց, որ նախ պետք է քննարկեն հարցը։

Այն մեղադրանքները, թե Ղարաբաղի ճանաչումը ենթադրող օրինագիծը նշանակում է Ադրբեջանին պատերազմ սկսելու հիմք տալ, Զարուհի Փոստանջյանը չի ընդունում։

«Այն, ինչ որ այսօր տեղի է ունենում, երկրորդ փուլն է լայնածավալ գործողությունների։ Ուղղակի պետք է մենք միամիտ չլինենք և այսպիսի ոչ փաստարկված հայտարարություններին պետք է տեղիք չտանք և գնանք առաջ, ներկայացնենք մեր քաղաքական հայտը և սպասարկենք մեր քաղաքական օրակարգը», - ասում է պատգամավորը։

XS
SM
MD
LG