Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Սասուն Միքայելյանն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ


Սասուն Միքայելյան, արխիվ

Սասուն Միքայելյան, արխիվ

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ըստ Հատուկ քննչական ծառայության, անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ։

«Քաղաքացի Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մետր հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ստացել է վնասվածք», - ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը նշում է, որ Մաթևոս Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ընթացակարգով ստուգվել վերջինիս կողմից տրված հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

«Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մաթևոս Ա.-ի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Այնուհետև նախապատրաստված նյութերի ընթացքում Մաթևոս Ա.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ իրականում Սասուն Միքայելյանը և այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել և վնասվածք չեն պատճառել: Մաթևոս Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տվյալները կեղծ են, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին և այլ անձանց», - ասված է հաղորդագրությունում:

Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է», և ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննություն կատարելու համար:

Հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG