Մատչելիության հղումներ

Գևորգյանց. «Նախագահն էլ է զզվում պաշտոնյաների դղյակներից»


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

ՀԽ անդամը որոշ մանրամասներ է հաղորդում Հանրային խորհրդի անդամների հետ նախագահի ունեցած հանդիպման մասին:

Ժողովրդական արտիստ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է պաշտոնյաների դղյակների հարցը, ինչին Սերժ Սարգսյանն արձագանքել է՝ չեն կարող երկրում «37 թվին» ընդունված ավանդույթներով շարժվել: «Մենք չենք կարող 37 թիվը դարձնել մեր երկիրը»,- հանդիպման ժամանակ ասել է նախագահը:

Հիշեցնենք, երեկ նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նախագահի մամլո ծառայության տարածած մոտ 2 րոպե տևողությամբ տեսանյութից չէր հասկացվում, թե ինչն է հարուցել Սերժ Սարգսյանի վրդովմունքը: Այսօր «Ազատության» հետ զրույցում Գևորգյանցը որոշ մանրամասներ փոխանցեց այդ հանդիպման վերաբերյալ՝ նշելով, թե քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը, քառօրյա պատերազմի վերհանած բացթողումներն ու խնդիրները:

Ռուբեն Գևորգյանցը նախագահի հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես, նշել է՝ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ այս օրերին պետք է միասնական լինել, բայց նաև մատնացույց է անում պաշտոնյաների դղյակները:

«Իսկ ի՞նչ անենք այդ դղյակների հետ, դղյակների տերերի հետ, պաշտոնյաների մասին է խոսքը, բիզնեսմենների մասին չէ: Ես ռադիկալ մարդ եմ, նախագահն այդպես էլ ասեց՝ դու ռադիկալ մարդ ես, ի՞նչ ես ասում, գնդակահարե՞նք, 37 թիվ սարքե՞նք: Ես կարծում եմ՝ այո: Բայց ոչ թե գնդակահարել, ինչ-որ մտրակ ա պետք օգտագործել, որովհետև նախագահի ձեռքում է և՛ կարկանդակը, և՛ մտրակը: Մտրակը չի օգտագործվում: Ես հիմա էլ եմ կարծում, որ անպայման պիտի դա լինի: Ասացի՝ 3 օր ժամանակ տվեք, թող իրենք որոշեն՝ ինչ են անում: Բայց այդպիսի բացարձակ լկտիություն արդեն չի կարելի:

Բայց մեր նախագահը, ինչքան էլ դա տարօրինակ չթվա, ինքը շատ դեմոկրատ մարդ է: Իրոք դա էդպես է: Իսկ թե [դղյակների տերերը] որտեղից են գողացել, ոնց են գողացել, դա դատախազության հարցն է: Ես գիտեմ մի բան՝ եթե դու պաշտոնյա ես, դու չես կարող ունենալ այդպիսի բաներ, ինչին հենց նախագահն ասեց՝ ես էլ եմ զզվում այդ դղյակներից, ու ասեց՝ ես դղյակ ունե՞մ, ճիշտ ա՝ ինքը դղյակ չունի: Ինքը ասում ա՝ մենք սկսել ենք մեր ռեֆորմները և գնալու ենք այդ ուղղությամբ: Ես ուզում եմ, փորձում եմ հավատալ դրան»,- մանրամասնեց Ռուբեն Գևորգյանցը:

Դղյակների թեմայից բացի, ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը նախագահի հետ զրույցում անդրադարձել է նաև Ազգային ժողովի պատգամավորներին, ասելով, թե նրանց 40 տոկոսին կարելի է ձերբակալել, ինչին Սերժ Սարգսյանը ժպիտով է արձագանքել:

Պաշտոնյաների դղյակներից, պատգամավորների պահվածքից բացի, Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է նաև վերջին օրերին հաճախ արծարծվող այն հարցը, թե առաջնագծում զոհված զինծառայողների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից էին:

«Մի բան նախագահը ճիշտ ասեց․ այ, ասում ենք՝ հարուստների երեխաները չեն գնում, չեն ծառայում, այո, այդ հարցն էլ քննարկվեց, նախագահը հենց ինքը սկսեց քննարկումը: Այո, ասում ա, բայց հենց նույն այդ մարդիկ են, որ հարց են բարձրացնում՝ բա ինչու բանակը սենց, բան, էս կողմ, էն կողմ․․․ որովհետև, երբ գործն իրեն է դիպչում, էդ անձնավորությունը՝ ինքն ասում ա՝ այո, պտի բոլորն էլ․․․ բայց իմս՝ չէ, իմս պիտի մնա․․․»,- նշված հարցի քննարկման հետ կապված ասաց Գևորգյանցը:

Մեր հարցին, թե ինչ լուծումներ է առաջարկել Սերժ Սարգսյանը, Ռուբեն Գևորգյանցը պատասխանեց, թե նախագահը լուծումների մասին չի խոսել, պարզապես Հանրային խորհրդի անդամներին հորդորել է խոսել ժողովրդի հետ, բացատրել իրավիճակը: «Փոխանակ գնան, մարդկանց հետ զրուցեն, մարդկանց բացատրեն՝ ինչ պիտի անենք, որ ավելի ուժեղ լինենք․․․ գոնե, եթե վստահ լինեինք, որ մի լուրջ ժամկետով հրադադար է, կարող էինք ամեն մի պուճուր թերություն քանդեինք»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Ռուբեն Գևորգյանցն ասվածի առնչությամբ նշում է՝ «Ինքն ուղղակի ասում է՝ իհարկե, դուք պետք է ժողովրդի հետ աշխատեք, բացատրեք, պատմեք, թե իսկապես իրավիճակն ինչպիսին է, որովհետև, գիտեք ինչ՝ չգիտեմ ինչ ուժեր, բայց այդ ուժերը կան, ես դա զգում եմ «Ֆեյսբուք»-ից և ամեն տեղից, անպայման ուզում են ներկայացնեն իրավիճակն այնպես, որ Հայաստանն ինչ-որ տուժած վիճակի մեջ է, Հայաստանը պարտված է․․․»:

Գևորգյանցը հավելում է՝ շատ դեպքերում չափազանցված և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արվում բանակի վերաբերյալ: Այո, համաձայն է, որ կան դիրքեր, որտեղ անվտանգությունը պահածոների տուփերով են ապահովում, բայց ունենք նաև նորագույն սարքավորումներով հագեցած խրամատներ: Այլ հարց է, որ այդ ամենը երբեմն պարզապես չի օգտագործվում: «Մենք բոլոր տեղերում ունենք գիշերային այդ բաները, բայց կան տեղեր, որ ղեկավարը, կամանդիրը պահում ա սեյֆում, բա ափսոս ա՝ եթե հանկարծ մի բան լինի, իրա վրա է գրված, 2700 դոլար արժի: Այսինքն՝ դա անհեթեթություն ա»:

Գևորգյանցի փոխանցմամբ, ինքը Սերժ Սարգսյանի հետ բանակում առկա կոռուպցիայի մասին չի խոսել, բայց որ այն գոյություն ունի՝ պարզ է բոլորին: Ամեն դեպքում, ժողովրդական արտիստը համոզված է՝ նախագահն ուզում է, որ այդ խնդիրները չլինեն, վիճակը փոխվի: «Շատ ստույգ նկատեցի նախագահի կողմից, որ ինքը ուզում ա, որ տենց չլինի: Ուզում ա: Ուրիշ բան, թե ինչ մեթոդներով դա պետք է լինի»,- վստահեցրեց Գևորգյանցը:

«Ներքին կյանքում, նորից եմ ասում, եղել են փոփոխություններ, էդ փոփոխությունները շարունակվելու են»,- ՀԽ անդամների հետ հանդիպմանն ասել էր Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG