Մատչելիության հղումներ

ՀՀ Սփյուռքի նախարարը մտահոգ է Թուրքիայում հայ պատգամավորի ճակատագրով


Գարո Փայլան, արխիվ
Գարո Փայլան, արխիվ

Պատասխանելով «Ամենպրես» գործակալության հարցին, Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, թե անհանգստացած է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անձնական անվտանգության համար:

«Քուրդ որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների ժամանակ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Գարո Փայլանի վրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թիրախավորված հարձակում է գործել և ֆիզիկական բռնության կիրառել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը»:

Գործակալության այս հարցին ի պատասխան, Սփյուռքի նախարարն ասել է՝ «Վերջին օրերին համացանցում հայտնված տեսաերիզներից շատ հստակ երևում է, որ թուրք պատգամավորները նախապես ծրագրված կերպով հարձակվում են հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա՝ նրան ենթարկելով ֆիզիկական բռնության և նրա հայ ինքնությանն ուղղված վիրավորական խոսքեր նետում: Սա արդարության ձայնը լռեցնելու ռասիստական և ազգային խտրականության դրսևորման ակնհայտ փորձեր են, որը, ցավոք, Թուրքիայում 100 տարի անց էլ շարունակվում է: Հայ պատգամավորը, պառլամենտը դիտարկելով որպես մտքերի ազատ արտահայտման հարթակ, ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ 7 պատգամավորի գազանաբար սպանության հետաքննության և նրանց աճյունները գտնելու և հուղարկավորելու մասին հարց, ինչն էլ այսօր հունից հանել է իշխանության ներկայացուցիչներին»:

«Ֆիզիկական, հոգեկան, բարոյական կտտանքների են ենթարկում ժողովրդի քվեն վայելող պատգամավորին և միջազգային հանրությունն էլ անտարբեր հայացքով դիտում է քաղաքականության հետ աղերս չունեցող այս իրավիճակը: Մենք, իրոք, անհանգստացած ենք Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Չէ՞ որ տարիներ առաջ Թուրքիայում իր ազատ խոսքի և համարձակ մտքերի համար նահատակվեց Հրանտ Դինքը, որի դատավարությունը մինչ այսօր էլ շարունակվում է», - Սփյուռքի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ընդգծել է Հրանուշ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG