Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց ԼՂ անկախության ճանաչման օրինագծի մասին եզրակացությունը


Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացության նախագծին:

Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Այն ունի երկու հոդված՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը», և «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը», - ասված է, մասնավորապես, օրինագծի հետ նույն փաթեթում կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակում:

Հիշեցնենք, ի պատասխան Հայաստանի կառավարության նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի ընդգրկմանը պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքի՝ պաշտոնական Երևանը հերքել է, թե պատրաստվում է հավանություն տալ նախագծին: «Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ», - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG