Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյան. «Հարձակում լինելու դեպքում նորից շարունակելու ենք ճնշել»


ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, արխիվ

ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, արխիվ

ԼՂ փոխվարչապետը ընդգծեց՝ ամեն ինչ անելու են, որ տարհանված բնակիչները նորից վերադառնան իրենց բնակավայրեր։

«Ես գտնում եմ, որ գլխավոր շտաբի պետերի, այսպիսի ձևակերպում տամ՝ ջենտլմենական պայմանավորվածությունը դեռ շարունակում է գործել, բայց մյուս կողմից, ճանաչելով մեր հակառակորդին, կարելի է նաև ենթադրել, որ եթե նա չի հարգել եռանախագահների այդ երկար աշխատանքը, եթե չի հարգել 1994 թվականի մայիսին կնքած զինադադարը, հնարավոր են ցանկացած զարգացումներ», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։

Պաշտպանության նախարարությունը, Պաշտպանության բանակի հրամանատարությունը, ըստ փոխվարչապետի, կայացրել են ճիշտ որոշում, և այդ որոշումը հասարակությունն ընկալել է՝ թե՛ Ստեփանակերտում, թե՛ համայնքներում։ «Եթե հակառակորդն իրականում փորձի և այդ ուժերը հետ չքաշի, ապա մենք պետք է շարունակենք կատարել պաշտպանական նշանակության միջոցառումներ՝ հարձակում լինելու դեպքում առաջնագծում նորից շարունակենք ճնշել՝ թույլ չտալով հետագա բացազատում», - ասաց Աղաբեկյանը։

Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի բնակչության մի մասը տեղափոխվել է ավելի ապահով վայրեր։ Հարցին, թե աջակցության ի՞նչ ծրագրեր ունի այսօր Լեռնային Ղարաբաղը՝ ուղղված տարհանվածների խնդիրների լուծմանը, Աղաբեկյանը պատասխանեց. - «Դեռ շուտ է այդ մասին խոսելը, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքացիներին հնարավորություն տանք, որ ժամանակավոր տեղակայված վայրերում կարողանան իրենց սոցիալական նշանակության խնդիրները լուծել, ավելին ասեմ՝ այսօր օպերատիվ շտաբում քննարկվեց, որ գնանք, գտնենք այդ ընտանիքներին, որոնք Ստեփանակերտում են, ու աշխատանք առաջարկենք՝ թեթև արդյունաբերության բնագավառում, սննդի արդյունաբերության բնագավառում։ Սպասենք հետագա զարգացումներին»։

Աղաբեկյանը ասաց, որ բնակիչներ հիմնականում տարհանվել են Մատաղիսից, Թալիշից, և որ ամեն ինչ անելու են, որպեսզի հետագայում նրանք նորից վերադառնան իրենց բնակավայրեր։ «Մատաղիսը հիմնական տեղահանվածներից մեկն է, մենք այսօր Մատաղիսում ունենք բավականին լուրջ ներդրումներ՝ թե՛ Արցախ ՀԷԿ-ի երկու հիմնական կասկադներից մեկը, մենք ունենք Շվեյցարիայից գործարար Վարդան Սրմաքեշի մեծ ներդրումը ձկնարդյունաբերության բնագավառում, մենք այնտեղ ունենք բավականին լուջ գյուղատնտեսական կատարած աշխատանքներ, և շատ ցանկալի է, որ մեր քաղաքացիները վերադառնան Մատաղիս, բայց այսօր դրա մասին խոսել չի կարելի», - ասաց Ղարաբաղի փոխվարչապետը։

ԼՂ փոխվարչապետը նշեց, որ Մարտակերտում տարհանումներ չեն իրականացնում։ «Բայց երբ արդեն տեսանելի է հակառակորդի գործողությունները խաղաղ բնակչությանը ռմբահարելու վերաբերյալ, օգնում ենք մեր քաղաքացիներին, որ շուտ տարհանվեն՝ ավելի ապահով տեղեր։ Ինչ վերաբերում է Թալիշին, Թալիշում բավականին մեծ ավերածություններ ունենք, մեր քաղաքացիները տարհանվել են՝ թողնելով այնտեղ իրենց տնտեսությունը, իրենց անասունները, ամեն ինչ թողել և հեռացել են։ Մենք միայն կարողացել ենք փրկել նրանց ֆիզիկական ոչնչացումից։ Մենք այստեղ բավականին լուրջ աշխատանք ունենք տանելու», - ասաց Աղաբեկյանը։

Փոխվարչապետը նշեց, որ Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչներն աշխատում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ, հանդիպել են Թալիշից տարհանված բնակչության հետ և առաջարկել են վերադառնալ Ղարաբաղ։ «Մենք Շուշի քաղաքում կազմակերպում ենք ժամանակավոր կացարաններ և առաջարկել ենք մեր քաղաքացիներին վերադառնան երկիր։ Մենք շատ երկար տարիներ զինադադարից հետո վերաբնակեցման ծրագիր ենք իրականացրել, որի արդյունքն արդեն տեսանելի է։ Այսօր Քաշաթաղի շրջանը հազարից ավել մոբիլիզացիոն ռեսուրս ունի ընդգրկված պաշտպանության բնագավառում, ամեն քաղաքացու՝ Արցախում լինելը մեզ համար շատ կարևոր խնդիր է։ Անելու ենք ամեն ինչ, որ հայրենակիցները վերադառնան Արցախ», - հայտարարեց Արթուր Աղաբեկյանը։

XS
SM
MD
LG