Մատչելիության հղումներ

Յոհանես Հան. ԵՄ-ն սատարում է ՄԽ համանախագահների ջանքերը


Եվրամիության հանձնակատար Յոհանես Հան, արխիվ

Եվրամիության հանձնակատար Յոհանես Հան, արխիվ

Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանին:

«Քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն:

Շեշտվել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկուստեք գոհունակություն է արտահայտվել նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքի կապակցությամբ: Կարևորվել է առկա ձեռքբերումների հիման վրա փոխշահավետ համագործակցության զարգացումը:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ։ Քննարկվել են երկու երկրների, Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։

Չեխիայի արտգործնախարարը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում, ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG