Մատչելիության հղումներ

ԵՄ-Թուրքիա ազատ վիզային ռեժիմի մասին սկզբունքային որոշումն ընդունվեց


Եվրամիության և Թուրքիայի դրոշները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, արխիվ

Եվրամիության և Թուրքիայի դրոշները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, արխիվ

Չի բացառվում, որ ընդամենը երկու ամսից Հայաստանին սահմանակից ևս մեկ պետության` Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ստանան առանց վիզաների մուտք գործել Շենգենյան գոտի: Ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին սկզբունքային որոշումը Եվրամիության ղեկավար մարմինը` Եվրոպական հանձնաժողովը, հրապարակեց չորեքշաբթի օրը` մի քանի ժամ տևած քննարկումներից հետո: Առաջիկա շաբաթներին Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը պետք է քննարկեն նաև Եվրամիության անդամ պետությունների իշխանություններն ու Եվրոպական խորհրդարանը:

«Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան տպավորիչ առաջընթաց արձանագրեց: Դեռ որոշակի աշխատանք կա, որ Թուրքիան պետք է կատարի և պետք է կատարի շուտափույթ կերպով: Բայց և այնպես, եթե այս տեմպերը պահպանվեն, ապա այդ երկիրն ի վիճակի կլինի կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները», - Եվրահանձնաժողովի նիստից հետո հայտարարում էր այդ կառույցի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմմերմանսը:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Թուրքիան կատարել է իրեն ներկայացված 72 նախապայմանների ճնշող մեծամասնությունը: «Դեռ չկատարված նախապայմանների ընդհանուր թիվն էլ հասնում է հինգի», - նշում էր Տիմմերմանսը` հավելելով, որ դրանց թվում է նաև արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու Բրյուսելի պահանջը: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Բրյուսելում չեն մոռացել նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող ճգնաժամային կացության մասին:

«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մամուլի ազատության տեսանկյունից Թուրքիան ոչ թե մերձենում է մեզ, այլ ավելի է հեռանում: Այս միտումը հարկավոր է փոխել, և դա հնարավոր կլինի անել միայն մի դեպքում` եթե մենք գործակցենք նրանց հետ` ստիպելով, որպեսզի [Թուրքիայի կառավարությունը] հաշվետու լինի թե՛ ժողովրդավարության, թե՛ մամուլի ազատության և թե՛ օրենքի գերակայության ոլորտներում», - նշում էր Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով Եվրոպական հանձնաժողովի որոշմանը, երեկ հայտարարեց, թե «Բրյուսելում կայացված որոշումը նոր էջ է բացում Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում»: Դրա հետ մեկտեղ, Անկարան պնդում է, որ դիվանագիտական որևէ ճնշման չի ենթարկվի:

«Եվրամիությունը կարող է տարբեր մոտեցումներ ունենալ առաջ քաշված որոշ չափանիշներին Թուրքիայի համապատասխանության հարցում: Բայց որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ առնել մեր անկեղծությունը: Ստիպողաբար կամ ճնշման տակ մենք որևէ քայլի չենք դիմի: Եթե կա ձեռք բերված պայմանավորվածություն, ուրեմն՝ մենք կկատարենք մեր պարտավորությունները», - նշում էր Չավուշօղլուն:

XS
SM
MD
LG