Մատչելիության հղումներ

Վարորդները ձախողված են համարում տաքսիների լիցենզավորման գործընթացը


Տաքսու վարորդների հերթական բողոքի ակցիան Երևանում, 4-ը մայիսի, 2016թ․

Տաքսու վարորդների հերթական բողոքի ակցիան Երևանում, 4-ը մայիսի, 2016թ․

Նրանք դժգոհում են նաև ամենուր տեղադրված տեսախցիկներից՝ «եթե 7 օրվա մեջ 5 անգամ նկարում-տուգանում են, էդ մարդուն թող մի լավ պարան տան ու ասեն՝ բալկոնից կախվի»:

Այսօր «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ գտնվող տարածքում բողոքի ակցիա անող տաքսու վարորդները հայտարարում էին, թե հրաժարվում են վճարել տաքսու լիցենզիայի համար սահմանված 12 հազար դրամի տարեկան վճարը՝ պնդելով, որ Հայաստանում տաքսիների լիցենզավորման գործընթացը տապալված է։

«Այսինքն, Հայաստանի 50 հազար տաքսու վարորդներից լիցենզավորվել է ընդամենը 5000-ը, որոնցից 1000-ն ա վճարում: Այսինքն, համարում եմ տապալված այս լիցենզավորման կարգը»: «Մենք արդեն հետ ենք հանձնում լիցենզիաները, որովհետև ի վիճակի չենք էդ 12 հազար դրամը մուծելու։ Մենք պատրաստ ենք մուծել 6000 դրամ, բայց էն դեպքում, եթե իմանամ, որ իմ մուծած 6000 դրամը կօգնի ինչ-որ մի ազատամարտիկի ընտանիքի»։ «Հարց ենք տալիս՝ ինչի՞ համար ա պետք լիցենզիան, ոչ ոք չի կարողանում պատասխանել։ Ասում եմ՝ տղաներին հետագայում ստաժ գրվելու ա՞, ասում են՝ ոչ։ Ասում եմ՝ երիտասարդ վարորդները բանկից վարկ են ուզում վերցնել, միջին աշխատավարձի մասին թուղթ տալու ե՞ք, ասում են՝ ոչ։ Մեքենա հատկացնելու ե՞ք, ոչ։ Եթե դուք ոչինչ չեք հատկացնում, էդ լիցենզիան ինչի՞ համար ա»,- լրագրողների հետ զրույցում դժգոհում էին վարորդները։

Նրանք ցույց էին տալիս տուգանքի արձանագրություններ՝ տուգանվել են լիցենզիա չունենալու համար՝ այն դեպքում, երբ վարորդը լիցենզավորված է, իսկ համապատասխան կտրոնն էլ՝ փակցված մեքենայի դիմապակուն։ «Նայեք՝ լիցենզավորված ա մեքենան, օրինական, սա տեխասմոտրի կտրոնն ա, սա էլ՝ լիցենզիայի կտրոնը։ Ինչի՞ համար ա լիցենզավորված մեքենային 50 հազար դրամի ակտ եկել»։ «Նոր ստացել ենք ակտը, պետք ա մայիսի 5-ին գնանք նախարարություն, հրավիրել են, որ լինելու ա քննարկում՝ տվյալ տուգանքի հետ կապված»,- պատմում էին վարորդները։

Նրանք անտրամաբանական են համարում նաև ամենուր տեղադրված տեսախցիկները, ասելով, որ դրանց պատճառով մեծ պարտքեր են կուտակել։ «Եթե մի մեքենան 7 օրվա մեջ 5 անգամ նկարում են, էդ մարդուն նկարելու փոխարեն մի հատ լավ պարան բերեք, ասեք՝ էս բալկոնից կախվի։ Եվ վերջապես՝ դուք տրանսպորտով եք զբաղվելո՞ւ, թե՞ նկարչությամբ»։ «Նույն Վրաստանում, Պարսկաստանում խաչմերուկներում տեսախցիկներ կան, բայց դրանք միայն վերահսկում են, ոչ թե տուգանում»։

Ոլորտը կանոնակարգելու մասին տրանսպորտի նախարարության պարբերական պնդումներին չվստահող վարորդները նշում են, թե կառավարության տապալված նախաձեռնությունների պատճառով տաքսու վարորդի նկատմամբ ուղևորի հարգանքը ծայրահեղորեն նվազել է: «Բոլորը խոսում են՝ նռնակը շպրտեց տաքսիստը, ինքը հոգեկան հիվանդ ա, թմրամոլ ա, բայց, շատ կներեք՝ տրանսպորտի նախարարությունն ա ներգրավում մեր բնագավառում այդպիսի հիվանդ մարդկանց, որպեսզի միշտ ապացուցի, որ ժողովուրդ ջան, կանոնակարգել ա պետք այս ոլորտը։ Բայց դա դիտավորյալ ա արվում, որպեսզի տարին մեկ գրանտներ շահեն իրանք»,- բացատրում էր բողոքող վարորդներից մեկը։

Ակցիայի մասնակիցներն ասում էին՝ տուգանքների մասին իրենց բողոքներին ի պատասխան, հաճախ կառավարությունից լսում են, թե «բանակ են պահում, գումարներն անհրաժեշտ են»։ «Բանակը թող իրանց պադվալներում պահած փողերով պահեն։ Մի հատ նախարարի երեխի անուն ասեք, որը որ տվյալ պահին զոհվեց, վիրավորվեց կամ զենքը ուսին սահման ա պահում, որ հերը ստեղ թալանի։ Չկա, բայց իրանք էդ տուգանքը թալանելիս ասում են՝ բանակ ենք պահում, տանում դնում են դիվանի տակ։ Բանակ պահողը մենք ենք»,- հակադարձում են վարորդները։

XS
SM
MD
LG