Մատչելիության հղումներ

Արմանիսի ոսկու հանքի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց աշխատավարձն են պահանջում


Ասում են՝ եթե մինչև շաբաթավերջ տնօրինությունը չվճարի իրենց պարտքը, կդիմեն ծայրահեղ քայլերի:

Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր վերջնաժամկետ ներկայացրեցին հանքի ղեկավարությանը՝ մինչև շաբաթվա վերջ վճարել իրենց աշխատավարձի պարտքը, այլապես կդիմեն ծայրահեղ քայլերի:

Աշխատակիցներն արդեն չորս ամիս է հարկադիր պարապուրդի մեջ են և այս ընթացքում որևէ գումար չեն ստացել:

«Չորս ամիս է, էս արդեն հինգերորդն ենք մտնում, թող մեզ ռասչյոտ անեն, մենք իմանանք՝ վերջ էս ամենին։ Թույն ենք կուլ տվել, մեզ հիմա մատների վրա խաղացնում են», - ասաց աշխատակիցներից մեկը։

Հանքը շահագործող «Սագամար» ընկերությունն ավելի վաղ աշխատողներին ասել էր, թե չի կարող վճարել աշխատավարձերը, քանի որ հաշիվները կալանքի տակ են:

Արմանիսի լեռնահարստացուցիչ կոմբինատի պետ Սամվել Չոբանյանն այսօր հավաքվածներին խորհուրդ տվեց՝ որոշ ժամանակ սպասել: «Որքան ես գիտեմ, դա ընթացքի մեջ է ու շուտով բոլորի պահանջը կբավարարվի», - ասաց Չոբանյանը։

Մինչդեռ աշխատողներն ընդգծեցին՝ վարկերն ու տոկոսները չեն սպասում: Նազիկ Հովհաննիսյանը զայրացած ասաց, որ ընկերությունը պետք է հաշվի նստի իրենց հետ: Նա ոչ միայն աշխատավարձն էր պահանջում, այլ նաև աշխատանքը: «Ես երբ որ ժամանակին իմ հողամասերը վաճառում էի, ինձ ասում էին, որ 50 տարի՝ իմ յոթը պորտն էլ այստեղ աշխատանք կունենա։ Այսօր ես ոչ թե իմ փողն եմ ուզում, այլ իմ աշխատատեղը՝ այս բոլորիս ու 400 հոգի բացակա մարդու։ Ես էսօր զինվոր ունեմ բանակում, 4 հազար դրամ չորս ամիս չեմ կարողացել, որ էրեխուս հեռախոսը լիցքավորեմ», - ասաց Հովհաննիսյանը։

Չորս տարի հանքում աշխատող Սամվել Հովհաննիսյանն «Ազատության»-ն ասաց, որ ժամանակին իր 3 հեկտար հողատարածքը չնչին գումարով վաճառել է ընկերությանը: Աշխատավարձի հույսով բանկից տոկոսով գումար է վերցրել ու հիմա փաստի առաջ է կանգնել: «Անասնապահությամբ եմ զբաղվում, հիմա էլ ներկա պահին ունեմ անասուններ, բայց չունեմ հնարավորություններ, որ էդ բանկերի հետ էդ հարցերը լուծեմ։ Հիմա էս պահին ես ունեմ մի հատ սեփական մեքենա, որ վաղը ես կարող է դա վաճառեմ շատ չնչին գներով, որ մի երկու ամսվա հարցերը լուծեմ», - ասաց Հովհաննիսյանը։

Հարստացուցիչ կոմբինատի պետը խոստացավ տեղյակ պահել ընկերության տնօրենին, որպեսզի վերջինս հանդիպի աշխատակիցներին և անձամբ պատասխանի նրանց հարցերին:

XS
SM
MD
LG