Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Պետք է հույսներս դնենք մեզ վրա»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շքերթը Ստեփանակերտում, արխիվ, 9-ը մայիսի, 2012թ.

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շքերթը Ստեփանակերտում, արխիվ, 9-ը մայիսի, 2012թ.

Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա և Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Նախագիծն ընդամենը երկու կարճլիկ հոդված ունի՝ ճանաչման ու օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետների մասին: Փոխարենը` ծավալուն է նախագծի հիմնավորումը։

«Բանակցային գործընթաց բացարձակ գոյություն չունի, և մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա: Հայաստանի Հանրապետությունը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը և օգնել, որպեսզի ինքնիշխան Արցախը նույնպես լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, և մենք արդեն մեր քաղաքական հայտը տարածաշրջանում հստակ ունենանք ձևակերպված և ներկայացված, որպես գործոն, որպես լուրջ քաղաքական դերակատարություն ունեցող պետականություն: Իսկ առանց այս քաղաքական քայլի, առանց Արցախի ճանաչման մենք չենք կարող օգտվել լուրջ քաղաքական գործոն լինելու հանգամանքից», - ասում է Փոստանջյանը:

Նա հիշեցնում է՝ 2007-ին խորհրդարան անցած «Ժառանգություն» խմբակցության օրենսդրական առաջին նախաձեռնությունը եղել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը, դրանից հետո մի քանի անգամ էլ են փորձեր արել։ Իշխանության նախկին փաստարկները, կարծում է, այլևս ժամանակավրեպ են. - «Եթե առաջ հիմնավորում էին փաստարկով` եթե մենք ճանաչում ենք, ապա պետք է սկսվի պատերազմ, ապա, փաստորեն, դա էլ էր իրականությանը անհամապատասխան, որովհետև առանց ճանաչման պատերազմը սկսվեց, պատերազմը այսօր ընթանում է, և այդ հիմնավորումը բացարձակ իրականությանը չի համապատասխանում»:

Հայաստանը չպետք է լինի Արցախի անկախությունը ճանաչած առաջին պետությունը, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը. - «Իհարկե, մենք կողմնակից ենք, որպեսզի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչվի, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը: Դա կարող է տեղի ունենալ միայն եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ: Այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի»:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց. - «Նախագահը հստակ նշել է` Հայաստանը երբ կճանաչի Արցախի Հանրապետությունը. երբ բանակցային պրոցեսը մտնի փակուղի, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանը սկսի լայնածավալ պատերազմ: Բայց քանի դեռ նման բան չկա, մեր կարծիքը մնում է նույնը, և քանի դեռ հանրապետության նախագահը նոր բան չի հայտարարել, խաղի կանոնները գործում են»:

Այս պահին, Շարմազանովի խոսքով, գործում է 1994 թվականի զինադադարի պայմանագիրը. - «Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակ ունենային այս պահին ճանաչման գործընթաց սկսել, մենք կսկսեինք այդ գործընթացը, ինչպես սկսել ենք Արցախի և Հայաստանի միջև փոխօգնության պայմանագրի քննարկումները: Նման հրահանգ Հայաստանի Հանրապետության նախագահից իշխող կուսակցությունը չի ստացել»:

Նախագիծը Կառավարության նիստի օրակարգում ընդգրկելուն բավականին բուռն արձագանքեց պաշտոնական Բաքուն, հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երևանը վերջ կդնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին, և միջնորդներին ու միջազգային հանրությունը կոչ անելով «համարժեք պատասխանել նման սադրիչ գործողություններին»։ Առիթը, թերևս, օրակարգի նախագծի հետևյալ առաջարկն էր՝ հավանություն տալ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

«Այս աղմուկը, որ բարձրացրեցին ադրբեջանական իշխանությունները, ծիծաղելի է և զավեշտալի է, որովհետև, ըստ մեր կանոնակարգի, նաև Կառավարության աշխատակարգի, Կառավարությունը պարտավոր է ցանկացած պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն քննի և տա եզրակացություն», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

XS
SM
MD
LG