Արևմտյան Վիրջինիան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 44-րդ նահանգը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակը:
Հաղորդագրության համաձայն, նահանգապետ Ըրլ Ռեյ Թոմբլինը հայտարարությամբ է հանդես եկել՝ 2016 թվականի ապրիլը Արևմտյան Վիրջինիայում հռչակելով «Ցեղասպանության մասին իրազեկության և դրա կանխարգելման ամիս»:
Հայտարարությունում նահանգապետը հիշատակել է 1915-23 թվականներին մեկևկես միլիոնից ավելի հայերի, միլիոնից ավելի հույների և ասորիների կոտորածները, ինչպես նաև ներկայումս Միջին Արևելքում քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, ընդգծելով, որ «ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթը և անցյալի ու շարունակվող ցեղասպանությունների բոլոր դեպքերը, մենք նպաստում ենք մեր պատմական հիշողության պահպանմանը, երաշխավորում, որպեսզի նմանատիպ վայրագությունները չկրկնվեն, և աչալուրջ ենք մնում ատելության, հալածանքների ու բռնակալության դեմ»:
Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ատենապետ Սթիվեն Մեսրոպյանը ողջունել է նահանգապետի հայտարարությունը: Հանձնախմբի տեղական ներկայացուցիչները, ինչպես նշված է հաղորդագրությունում, կարևոր դեր են խաղացել փաստաթղթի ընդունման համար նահանգային պաշտոնյաների հետ աշխատանքներում: