Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Բաբայան. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը»


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ այլընտրանք չի լինի, ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

«Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի ընդգրկմանը։

«Դա կարող է տեղի ունենալ միայն եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի», - ասաց Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության հետ միասին, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտն աշխատում է Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, և արդեն, ըստ Բաբայանի, շոշափելի արդյունքներ ունի։ «Միայն 2016 թվականին ԱՄՆ-ի երկու նահանգներ ճանաչել են անկախությունը, և այս հաղթարշավը, կարծում եմ, ապրիլյան այս պատերազմից հետո կստանա նոր որակ», - ասաց Բաբայանը։

Պաշտոնական Բաքուն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, մասնավորապես, թե «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երևանը վերջ կդնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին, և Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխանեն նման սադրիչ գործողություններին»։

Երեկ արձագանքելով Բաքվի հայտարարություններին՝ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, մասնավորապես, ասել է. - «Այս պահին Հայաստանում հետևում են Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել»:

Նա նաև հայտարարել է. - «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»։

XS
SM
MD
LG