Մատչելիության հղումներ

Սաֆարյանի փաստաբանը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ազատազրկված ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին դատելու է մի շարք քաղաքական գործիչների դատավճիռների հեղինակ Մնացական Մարտիրոսյանը. շուրջ հինգ ամսում ավարտելով նախաքննությունը՝ դատախազությունը գործն ուղարկել է դատարան:

Առաջիկա օրերին արդեն հայտնի կդառնա դատական առաջին նիստի օրը։ Ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Հայրապետյանի փոխանցմամբ, Մարտիրոսյանը, գլխավորելով դատավորների էթիկայի հանձնաժողովը, չորս անգամ օրինական է ճանաչել Սաֆարյանի կալանքի՝ տարբեր դատավորների որոշումները։ «Արդեն ինքը գնահատական է տվել` թե՛ կալանքի հետ կապված, թե՛ էն բոլոր նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին և նյութերին։ Առանց որևէ մեկ նախադասության հիմնավորելու նշում է, որ խախտում չի նկատվել, այսինքն՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նույնպես արդարադատություն իրականացնող դատավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Երվանդ Վարոսյանի փաստաբանական փորձն էլ հուշում է՝ ինքնին խորհրդանշական է, որ ընդդիմադիր ակտիվիստի գործը Մնացական Մարտիրոսյանն է քննելու։ «Իրականում, իհարկե, բավականին տխուր է վիճակն այս առումով, որովեհտև հաշվի առնելով այդ դատավորի փորձը՝ քաղաքական ենթատեքստ ունեցող մնացած բոլոր գործերով, ապա ես կարծում եմ, որ հերթական անգամ գործ ենք ունենալու նախապես ծրագրավորված, նախապես կազմված դատավճռին օրինական տեսք տալու իմիտացիայի հետ։ Լինելու է քաղաքական որոշում, իսկ քաղաքական որոշումը, ինչպես գիտեք, Հայաստանում կանխատեսելի չէ՝ Գևորգ Սաֆարյանը կարող է և վաղն ազատ արձակվել», - ասաց Վարոսյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ում զարմացած չեն, որ Գևորգ Սաֆարյանի գործը Մնացական Մարտիրոսյանի սեղանին դրվեց։ Վարուժան Ավետիսյանը հիշեցնում է՝ իրենց շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին էլ 2007-ին այս դատավորն է դատել։ «Մարտի 1-ի գործերով նա շատ է ռեժիմի ցուցումները կատարել՝ մարդկանց անմեղ բանտարկելու նպատակով, և Շանթի ու ընկերների գործով, այնպես որ նա հայտնի դահիճ է, Սերժի պալատի դահիճն է, որ հաշվեհարդարներն ի կատար է ածում», - ասաց Ավետիսյանը։

Մինչ գործը դատարան կհասներ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկ տասնյակ միջնորդություններ է ներկայացրել քննչական մարմնին, այդ թվում՝ ուսումնասիրել տարածքի տեսախցիկների կադրերը։ «Դրվում է ինչ-որ բան, որը կապ չունի այդ գործի հետ, և մերժվում է», - ասաց Հայրապետյանը։

Փոխարենը կարճվել է հարուցված մյուս գործը, որով Գևորգ Սաֆարյանն ինքն էր տուժող ճանաչվել, իսկ ոստիկան Գեղամ Խաչատրյանը՝ կասկածյալ: Հիմա Գևորգը մեղադրվում է նույն այս ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք, մեկ ամսվա կալանք, կամ էլ՝ առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Գեղամ Խաչատրյանի ցուցմունքով է ազատազրկվել նաև Շանթ Հարությունյանը։

«Էդ տոնածառակռիվը ինչ-որ եղել է, ինքը ոչ մի օրինական հիմնավորում ունենալ չի կարող, իսկ 316 հոդվածով անձին մեղադրելու համար միանշանակ պետք է ոստիկանների գործողությունները լինեն լիակատար օրենքի դաշտում։ Պատահական չէր, որ այս ամեն ինչը տեղի ունեցավ հենց Գևորգ Սաֆարյանի հետ», - ասաց Վարոսյանը։

Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց. - «Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ռեժիմը բացահայտ հաշվեհարդար է տեսնում։ Եվ առաջին անգամը չէ, որ մահափորձ են գործադրել նրա նկատմամբ, որը չբացահայտվեց»։

Ամանորի գիշերվանից ճաղերի հետևում գտնվող Սաֆարյանը, փաստաբանի փոխանցմամբ, առողջական խնդիրներ ունի, բժշկի զննությունից հետո ոտքը գուցե վիրահատվի:

XS
SM
MD
LG