Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի նախագահ. Ղարաբաղյան խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին այսօր ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանը նախագահ Նինիստյոյին է ներկայացրել Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ գործակցությունը։

Զրուցակիցները քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր, շեշտել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման համար առկա մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը:

Նալբանդյանը Ֆինլանդիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի` Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրել իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։

Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծել է, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների՝ մերձավորարևելյան զարգացումների, դրանց հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի, ուկրաինական ճգնաժամի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG